Մատչելիության հղումներ

Չինաստանը սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը


Հայաստանի ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնց, արխիվ
Հայաստանի ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնց, արխիվ

Չինաստանը սատարում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գրավականն է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարի տեղակալ Լը Յուչընը երեկ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ։

Հայկական կողմից խորհրդակցությունները վարող ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ադոնցը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և ոչնչացնում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը: Նշվել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ կողմերը գոհունակություն են հայտնել անցած ժամանակահատվածում կորոնովիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողված համագործակցության կապակցությամբ: Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին որպես օգնություն 100 հազար դեղաչափ CoronaVac պատվաստանյութ տրամադրելու համար:

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

XS
SM
MD
LG