Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հեռախոսազրույց են ունեցել, առանցքում Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն է եղել։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Արա Այվազյանը ներկայացրել է տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Երկուստեք ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը, կարևորել նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Այվազյանն ու Շալենբերգը մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: