Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը վաղը կժամանի Հայաստան, նախատեսված են հանդիպումներ նաև Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի հետ


Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Վաղը՝ մայիսի 26-ին այցով Հայաստան է ժամանելու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Այսօր Զարիֆը կլինի Բաքվում։ Ադրբեջանում Իրանի դեսպանության հաղորդմամբ, այցի հիմնական նպատակն է «քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումներին առնչվող հարցեր։

Հիշեցնենք՝ Իրանը խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում՝ հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

XS
SM
MD
LG