Նախորդ օրվա անբարենպաստ եղանակը մեծ վնասներ է հասցրել Արմավիրում. եթե Երևանում հորդ անձրև ու կայծակ էր, այնտեղ նաև սաստիկ քամի ու կարկուտ։ Գյուղատնտեսները հիասթափված են. ասում են՝ մեծ գումարներ են կորցրել։
Գայ գյուղի բնակիչ Ավետ Զաքարյանն, օրինակ, բարձրաձայնում է կորցրած առնվազն 10 միլիոն դրամի մասին. «10 միլիոնը մենակ ջեմոցներիննա, բայց դե եկամուտով, բանով 20 միլիոնի հասնելու ա, բայց դե էդ ա, մի երեք ժամվա մեջ սաղ վերացել ա»:
Տղամարդը 3000 քառակուսի մետր տարածքով ջերմոցներ ունի, պղպեղ, լոլիկ, սմբուկ ու վարունգ է մշակում, երեկվա եղանակը և բերքն է փչացրել, և ջերմոցները տակնուվրա արել:
Զաքարյանը պետությունից աջակցություն է ակնկալում. «Եկել են, օրը 100 հոգի եկել են, մարզպետարանից զանգել են, տեղյակ եմ, բայց դե չգիտենք՝ օգնություն կտան, թե չեն տա, բաց դե պիտի տան, որ մարդիկ շահագրգռված գործ անեն»:
Նրա հարևանությամբ հող մշակող Նշան Գրիգորյանի ջերմոցը ևս վնասվել էր. «Մենակ ջրեմոցը, որ սարքես, կանգնացնես մի 3 միլիոն փող ա, մեջի բույսն էլ էլի մի 2 միլիոն եկամուտ կտար»:
Արմավիրի մարզպետարանից «Ազատությանը» հայտնեցին՝ քամու ու կարկուտի հետևանքով վնասներ է կրել 18 բնակավայր, համայնքային հանձնաժողովներ են ստեղծվել վնասները հաշվարկելու համար։
Ակնաշեն համայնքից Ազիզ Իբոյանի 3 ջերմոցն է վնասվել. «Լրիվ ծակծկված, վարունգը տաք օդին սովորած, հիմա բաց ա, կդեղնի, լրիվ կթափի»:
Անբարենպաստ եղանակի պատճառով գյուղացիները վնասներ են կրել նաև Մեծամոր համայնքում։ Մշիր Սինջոյանի ծիրանի ծառերը մերկացել են. «Երևի մի 25-30 տոննա բերքի կորուստ եմ տվել»:
Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրությունը լայն տարածում չունի: