Մատչելիության հղումներ

Զինծառայողի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ, տեղեկացնում է Գոռ Աբրահամյանը


Ժամկետային զինծառայող Ն. Մկրտչյանի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ, տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 18-ին Ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Աբրահամյանը հայտնում է, որ զինծառայողին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ: Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ:

«Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են», - նշել է Աբրահամյանը:

ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, հայտնում է Աբրահամյանը՝ հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տավուշի մարզի Կողբ գյուղի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն էլ այսօր «Ազատության» հետ զրույցում նշել էր. «Արդեն մի շաբաթ է՝ կորած է, փնտրում են, չեն գտնում։ Ռազմական ոստիկանությունն է փնտրում, վերջին անգամ ծնողի հետ մայիսի 13-ին է խոսել ու դրանից հետո չկա։ Ինտերնետը 2-3 օր առաջ միացել է Վարդենիսի տարածքում», - նշեց համայնքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG