Մատչելիության հղումներ

Լավրովը «կառուցողական» է որակել առաջին հանդիպումը Բլինքենի հետ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը, Ռեյկյավիկ, 19-ը մայիսի, 2021թ.

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում գումարված Արկտիկական խորհրդի հավաքի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը:

Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են Արկտիկական խորհրդում Ռուսաստանի նախագահության հետ կապված հարցեր:

Բանակցություններից հետո Լավրովը «կառուցողական» է որակել քննարկումները՝ նշելով, որ երկու կողմերը գիտակցում են հարաբերություններում անցած մի քանի տարիների ընթացքում առաջացած անառողջ մթնոլորտը փոխելու կարևորությունը:

«Կուտակվել է շատ աղբ, որը պետք է մաքրենք, չարժե դա ուշացնել: Կարծում եմ՝ Բլինքենը և նրա թիմը նույնպես այդ նպատակն ունեն», - ասել է Լավրովը:

Արտգործնախարարը և պետքարտուղարը կկազմեն համապատասխան առաջարկներ, որոնք կներկայացնեն երկու երկրների նախագահներին:

«Կա միջազգային նշանակության առանքային խնդիր՝ դա միջուկային երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատասխանատվությունն է աշխարհում», - ասել է Լավրովը:

Միաժամանակ, նա չի հայտնել, թե արդյոք Մոսկվան արդեն ընդունել է ռուս-ամերիկյան գագաթնաժողով կազմակերպելու Վաշինգտոնի առաջարկը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն զեկուցել է Բլինքենի հետ հանդիպման արդյունքների մասին:

XS
SM
MD
LG