Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վճռել է՝ Հայաստանի նախկին կառավարությունը խախտել է լրատվամիջոցների իրավունքները


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի կայացրած երկու վճիռներով արձանագրել է, որ տարիներ առաջ հայաստանյան դատարանները երկու լրատվամիջոցների դեմ կայացրած վճիռներով խախտել են ատահայտվելու ազատության իրավունքը և անտեսել են լրագրողների բարձրացրած կարևոր խնդիրները։

Եվրադատարանի վճիռները վերաբերում են «Հետք» էլեկտրոնային պարբերականի և «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հրապարակումներին։ «Հետքի» դեպքում դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը լրատվամիջոցին վճարել 1500 եվրո փոխհատուցում՝ դատական ծախսերի համար, իսկ գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ին՝ որպես փոխհատուցում վճարել մոտ 18 հազար եվրո։ Փաշինյանն այդ ժամանակ թերթի գլխավոր խմբագիրն էր։

«Հետքի» փոխխմբագիր Լիանա Սայանդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այսուհետ, կարծում եմ, ներպետական դատարանները լրատվամիջոցների դեմ զրպարտության և վիրավորանքի գործեր քննելիս հաշվի կառնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս նախադեպային որոշումը, որտեղ շատ կարևոր ամրագրումներ են արել գործը քննող դատավորները»։

«Ըստ Եվրոպական դատարանի, ներպետական ատյաններում հավասար չի քննվել գործը և փաստերի ստուգում չի իրականացվել», - ասաց «Հայկական ժամանակի» խմբագիր Տաթև Խաչատրյանը։

Ավելի քան երկու տասնամյակ լրագրողական հետաքննություններ իրականացնող «Հետքը» 13 տարի առաջ գրել էր Իջևանում, Աղստև գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման մասին։ Հետաքննող լրագրողները բացահայտել էին, որ արդյունահանման հետ կապ ունի այն ժամանակվա քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վարուժան Ներսիսյանը։ Լրագրողներին տեղեկություններ չտրամադրած քաղաքապետը դիմել էր դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցին իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու համար։ Դատարանները պարտավորեցրել էին «Հետքին» Ներսիսյանին վճարել 450 հազար դրամ։

«Հետքի» փոխխմբագիրը, վկայակոչելով Ստրասբուրգի դատարանի վճիռը, ուշադրություն է դարձնում այն դիտարկմանը, որ նման գործեր քննելիս դատավորները պետք է տարանջատեն գնահատողական դատողությունները փաստերից, ինչը հայաստանյան ատյանները չէին արել․ - «Ներպետական դատարանները չեն հավասարակշռել երկու մրցակից իրավունքները․ մի դեպքում՝ քաղաքապետի պատվի ու արժանապատվության իրավունքը, մյուս կողմից՝ խոսքի ազատության իրավունքը, և հաստատել են, որ պաշտոնյաները ունեն պաշտպանության ավելի նեղ շրջանակներ, և ցանկացած նման վիճելի հարցերում դատարանները պետք է գերադասեն լրատվամիջոցների խոսքի ազատության իրավունքը, հատկապես եթե վիճարկվող հրապարակումներում հանրային նշանակության կարևոր հարցեր են արծարծվում»։

Լրատվամիջոցի բարձրացրած ապօրինությունը քննելու փոխարեն դատարանը կենտրոնացել էր քաղաքապետի հեղինակության վրա, իսկ դատախազությունը կարճել էր այդ ապօրինությունների բացահայտման համար հարուցված քրեական գործի քննությունը, հիշում է Լիանա Սայադյանը․ - «Լրագրողները տեղում ապացույցներ էին հավաքել և ցույց տվել, որ այդ հանքից մեծ թափով ավազ է դուրս բերվում և բեռնատար մեքենաներով այդ ավազը տեղափոխվում է, ինչպես մենք ցույց ենք տվել՝ գնում էր Հաղարծին, շրջանի տարբեր գյուղերում շինարարության մեջ էր օգտագործվում։ Բայց համայնքի բնակիչները չգիտեին, թե ում է պատկանում, արդյոք դա օտարվել է, մասնավորեցվել է, վարձակալությամբ է տրվել։ Քաղաքապետարանն էլ մեր այդ հարցումներին չէր պատասխանում ընդհանրապես, և տեղական թե՛ իրավապահ, թե՛ համայնքային իշխանությունները շահագրգռված չէին այդ հանգամանքների վրա լույս սփռելու»։

Նման մի իրավիճակի բախվել էր նաև «Հայկական ժամանակը»։ Թերթը, որի խմբագիրը 2010 թվականին Նիկոլ Փաշինյանն էր, գրել էր Ռուսաստանի իրավապահների բացահայտման մասին, ըստ որի ռուսական կրիմինալ խմբավորումները Հայաստանի տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են։ Իրավապահները կազմել էին տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող հայաստանցի պաշտոնյաների 32 հոգանոց ցուցակ։ Թերթն իր աղբյուրները վկայակոչելով՝ թվարկել էր նրանցից մի քանիսին, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին և Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանին։ Վերջիններս դատական հայց էին ներկայացրել թերթի դեմ։ Դատավոր Կարինե Պետրոսյանն էլ որոշել էր որպես նրանց պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս թերթից գանձել 6 միլիոն դրամ։

«»Հայկական ժամանակում» հանգանակություն է իրականացվել։ Քաղաքացիները, այդ թվում թոշակառուներ, իրենց լուման ներդնելով օգնել են, որպեսզի «Հայկական ժամանակ» օրաթերթը չփակվի, և գումարը վճարվել է», - ասաց Տաթև Խաչատրյանը։

«Հետքի» փոխխմբագիրը շեշտում է, որ 10 տարի առաջ դիմելով միջազգային դատարան՝ նպատակ չեն ունեցել Հայաստանի հարկատուներից դրամական փոխհատուցում ստանալ, էականը մամուլի և խոսքի ազատության կարևորությունն է և նման դեպքերի համար նախադեպ սահմանելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG