Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների առաջին խումբն արդեն Հայաստանում է


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆին լրագրողների հետ հանդիպմանը։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆին լրագրողների հետ հանդիպմանը։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին Հայաստանում կհետևեն նաև միջազգային դիրտոդները։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) առաքելության 11 դիտորդներն արդեն Երևանում են, մայիսի 26-ից Հայաստան կգան ևս 24 երկարաժամկետ դիրտոդներ, իսկ բուն ընտրության օրը ակնկալվում է, որ առաքելության 250 դիտորդներ կլինեն Հայաստանի տարբեր ընտրատեղամասերում։

«Մեր առաքելությունը Հայաստանում է իշխանությունների պաշտոնական հրավերով, հետևելու ենք, թե որքանով է Հայաստանը հետևում է ԵԱՀԿ-ի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորություններին։ Ես ղելկավարելու եմ առաքելությունը, որը կազմված է 11 միջազգային փորձագետներից ԵԱՀԿ-ին անդամակցող 9 երկրներից։ Կազմակերպության անդամ երկրներին դիմել ենք նաև 24 երկարաժամկետ դիտորդներ ուղարկելու խնդրանքով, որոնք կտեղակայվեն Հայաստանում մայիսի 26-ից», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆին։

Նրա խոսքով, ինչպես նախկինում, այս ընտրություններին էլ կունենան տասնյակ դիտորդներ ընտրատեղաասերում, ինչպես նաև ընտրության օրը այստեղ կլինեն նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամներ։ Առաքելությունը կհրապարակի միջանկյալ զեկույց, իսկ հունիսի 20-ից 2 ամիս անց արդեն ամփոփ վերջնական զեկույց ընտրական ողջ գործընթացի մասին։

«Ծրագրում ենք դիմել ԵԱՀԿ անդամ երկրներին 250 կարճաժամկետ դիտորդներ ուղարկելու խնդրանքով՝ արդեն հունիսին հետևելու ընտրության օրվա ընթացքին։ Սա կախված կլինի նաև Հայաստանում կորոնավիրուսին առնչվող իրավիճակի մասին մեր գնահատականներից, այդ թվում ԵԱՀԿ ամբողջ տարածքում ճամփորդելու սահմանփակումներից ու Հայաստանի տեղական առողջապահական կարգավորումներից», - նշեց Մերֆին։

Առաքելության ղեկավարի խոսքով, իրենք կհետևեն, թե որքանով ընտրությունները կհամապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների ու ազգային օրեսնդրության չափանիշներին, իսկ մինչ այդ կհետևեն քարոզարշավի ընթացքին և լուսաբանմանը։

Մինչ կհաստատվեր առաքելության կազմը, է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կատարել է կարիքների գնահատում, անցկացրել հանդիպումներ պետական տարբեր կառույցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ․ - «Մեր հիմնական թիմի 11 փորձագետները, որ արդեն Հայաստանում են, մասնագիտացած են ընտրական գործընթացի տարբեր ոլորտներում»։

Հայաստանում ընտրությունների դիտորդների գրանցման գործընթացը սկսված է, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առայժմ գրացվել է միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմումներ ստանալուց և այդ դիմումները բավարարելուց հետո դիտորդների մասին տեղեկատվությունը հրապարակում է պաշտոնական կայքում։ Այս պահի դրությամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է ներկայացրել հավատարմագրման հայտ։ Դիմումներ ստանալու վերջնաժամկետը հունիսի 5-ն է», - ասաց ԿԸԿ խոսնակ Հերմինե Հարությունյանը։

Մինչև դիրտոդների գրանցման վերջնաժամետը դեռ ավելի քան երկու շաբաթ կա։ Տեղական կազմակերպություններն առայժմ չեն գրանցվել, բայց հայտնի է, թե որոնք կլինեն խոշոր դիտորդական առաքելությունները։ Դրանցից մեկը «Անկախ դիտորդն» է, որը միավորում է Իրազեկ քաղաքացիների միավորումը և Վանաձորի հելսինքկան քաղաքացիական ասամբլեան։

«Պլանավորում ենք ունենալ 500-ից ավել դիտորդներ, այդ թվում դիտորդներ թե՛ տեղամասային կենտրոններում, թե՛ տարածքային հանձնաժողովներում, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մտադրություն ունենք իրականացնելու նաև մեդիամոնիտորինգ, արդեն իրականացնում ենք երկարաժամկետ դիտորդությունը», - փոխանցեց Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը չի բացառում, որ այս անգամ ևս, ինչպես նախորդ ընտրություններին, կգրանցվեն նաև կեղծ դիտորդական առաքելություններ․ - «Ամեն դեպքում մենք իրենց չենք համարում դիտորդ, որովհետև իրենք ավելի շատ դիտորդի վկայականով վստահված անձինք են, ովքեր կուսակցություններին կցված առաքելություններ են։ Չենք բացառում, որովհետև նախկինում տասնյակ հազարավոր այդպիսի դիտորդներ են եղել, որոնք քանակով թե տեխնիկապես շատ ավելի շատ են եղել ։ Ամեն դեպքում, իրենց գործունեությունը որևէ իմաստով դիտորդական առաքելություն դժվար կլինի անվանել»։

XS
SM
MD
LG