Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև-զեկույց


Եվրոպական խորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը, ինչպես նաև կոչ է անում Թուրքիային զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը՝ նշելով՝ ամբողջական զեկույց-բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության կդրվի այսօր երեկոյան։

Դեսպանությունը փոխանցում է, որ զեկույցում մի քանի անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը դատապարտում է ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն Թուրքիայի՝ Ադրբեջանի ռազմական գործողություններին անվերապահորեն աջակցելու որոշումը։

Ըստ զեկույցի՝ Թուրքիան, դիմելով հրահրող հռետորաբանությանը, նպաստում է լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

Զեկույցում նաև խստորեն դատապարտում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի, հայտնում է դեսպանությունը։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմում սիրիացի զինյալների մասնակցության մասին խոսում է ոչ միայն հայկական կողմը, այլև մի շարք պետությունների ներկայացուցիչներ։ Վարձկանության հոդվածներով Հայաստանում մեղադրվող Սիրիայի 2 քաղաքացիներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման։

Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած ևս 31 սիրիացի զինյալներ ներգրավված են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG