Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանցիների չվերադառնալու դեպքում ՀՀ ԶՈւ-ն իրավունք են վերապահում խնդիրը լուծել նաև ուժային տարբերակով


Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը այս երեկոյան դրությամբ փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Կառույցը հիշեցնում է ևս մեկ անգամ, որ կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

«Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ ՌԴ-ն այսօր առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում: Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ նախորդ օրերի բանակցություններից հետո ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր, այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

XS
SM
MD
LG