Մատչելիության հղումներ

Մասնագետներն առաջարկում են կազմել ապագա համավարակների դեմ պայքարի համաշխարհային ռազմավարություն


COVID-19 հիվանդության տարածումն աշխարհում, 17-ը մայիսի, 2021թ.
COVID-19 հիվանդության տարածումն աշխարհում, 17-ը մայիսի, 2021թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Համավարակներին պատրաստվելու և արձագանքելու անկախ հանձնախումբը կազմել է զեկույց, որով մոլորակի երկրներին կոչ է անում համատեղ ուժերով պատրաստվել ապագայում հնարավոր պանդեմիաներին:

Հանձնաժողովի անդամ, շնչառական հիվանդությունների գծով անվանի չինացի մասնագետ Ժոն Նանշանը Չինաստանի համաշխարհային հեռուստակայանի հետ զրույցում նշել է, որ գալիք տարիների ընթացքում աշխարհում կարող են ի հայտ գալ COVID-19-ի նման հիվանդություններ հարուցող նոր վիրուսներ, և մարդկությունն անակնկալի չի բերվի, եթե պատրաստ լինի դիմագրավել վտանգը:

Համավարակներին պատրաստվելու և արձագանքելու անկախ հանձնախումբը ստեղծվել է ԱՀԿ-ի նախաձեռնությամբ՝ անցյալ տարվա հուլիսին: Հանձնախմբի նպատակն է կազմել ճանապարհային քարտեզ, որով միջազգային հանրությունը կառաջնորդվի նման իրավիճակներում:

«Անկախ հանձնախմբում 13 անդամ է, բոլորն ունեն տարբեր փորձ՝ և՛ գործնական, և՛ տեսական, ինչպես վարչարարության, հիգիենայի և հանրային առողջության, այնպես էլ վարակիչ հիվանդությունների՝ էբոլայի և ՄԻԱՎ-ի դեպքերում աշխատելու առումով, ես նրանցից շատ բան եմ սովորել, նրանք մեծ ներդրում ունեն մեր զեկույցը կազմելու գործում», - ասել է չինացի մասնագետը:

Զեկույցում բարձր գնահատական է տրվել կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքար մղած երկրներին՝ Նոր Զելանդիային, Հարավային Կորեային, Սինգապուրին և Չինաստանին:

«Մեծ դեր է կատարել համավարակի դեմ ագրեսիվ պայքարը, անձնական մակարդակում՝ ֆիզիկական հեռավորություն, թեստեր, դիմակների կրում, ձեռքերի հիգիենա, հանրային մակարդակում՝ թեստեր, հսկողություն, կոնտակտների գրանցում, կարանտին, մեկուսացում, արդյունավետ փոխադարձ կապ բնակչության հետ և թափանցիկություն, այդ ռազմավարությունը թույլ է տվել զսպել COVID-19-ը: Կարծում եմ՝ մի քանի երկիր, այդ թվում՝ Չինաստանը, կարողացել են այդպես աշխատել», - ասել է Ժոն Նանշանը:

Զեկույցում նշվում են թերացումները, որոնք գրանցվել են կորոնավիրուսի դեմ պայքարում, և առաջարկվում են կոնկրետ մեխանիզմներ նման ձախողումներ ապագայում թույլ չտալու համար:

Հաջողության բանաձևը պարզ է՝ ամենավաղ շրջանում բացահայտել վարակի օջախը, կասեցնել դրա վերաճումը գլոբալ համավարակի, որը հանգեցնում է համաշխարհային առողջապահական և սոցիալ-տնտեսական ճգնաժամերի:

Անկախ հանձնախմբի կազմած զեկույցը կփոխանցվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ՄԱԿ-ին, Համաշխարհային բանկին և միջազգային այլ կառույցներին:

XS
SM
MD
LG