Գերմանիան հուսով է, որ Եվրոպական միությունն առաջիկայում կհամաձայնեցնի COVID-19 վկայագիր թողարկելու հարցը:
Ենթադրվում է, որ հունիսին Եվրամիության երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստված կամ ստուգման բացասական արդյունքով մարդկանց կտան հատուկ թվային վկայագրեր՝ «կանաչ քարտեր», որոնցով նրանք կկարողանան այս ամռանը երթևեկել և, մասնավորապես, արձակուրդն անցկացնել:
«Այսպես կոչված` թվային «կանաչ քարտը» չափազանց կարևոր նշանակության խնդիր է: Դա կարևոր է ոչ միայն այն երկրների համար, որոնց եկամուտն ու տնտեսությունը կապված են զբոսաշրջության հետ: Դա կարևոր է բոլորիս համար, քանի որ դա կլինի միասնաբար գործելու խորհրդանշան, Եվրոպայում ազատ տեղաշարժի, եվրոպացիների շարժունակության կարևոր ազդակ»,- ասել է Գերմանիայի եվրոպական հարցերով նախարար Միխաել Ռոթը:
Թվային «կանաչ քարտի» հարցը քննարկում են Եվրոպական հանձնաժողովը, Եվրախորհրդարանը և միության անդամ երկրների կառավարությունները:
Այսօրվա դրությամբ Եվրամիության տարածքում բնակիչներին տրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200 միլիոն դեղաչափ, զանգվածային պատվաստումների գործընթացը շարունակվում է: