Հարավային Վրաստանում՝ Հայաստանի հետ սահմանից ընդամենը ութ կիլոմետրի վրա գտնվող Դմանիսի քաղաքում տեղաբնակ ադրբեջանցիների և վրաց վերաբնակիչների միջև բախումները դադարեցին երեկ ուշ երեկոյան։ Դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ կողմերի հաշտեցման գործին լծվեցին վրաց ուղղափառ եկեղեցու սպասավորներն ու ադրբեջանցի մոլլաները։
Վրաստանի հանրային հեռուստատեսության տեղեկություններով` Դմանիսիի երկու համայնքների միջև բանակցություններին մասնակցում էին Արևելյան Վրաստանի մահմեդականների հոգևոր առաջնորդ Էթիբար Էմինովը և վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլիա երկրորդի հատուկ պատվիրակ Անդրիա Ջաղմաիձեն։
Կեսգիշերին մոտ վրացիների և ադրբեջանցիների միջև հաշտեցման բանավոր երդումը հնչեցնելուց հետո բախումների մասնակիցները հեռացան քաղաքի փողոցներից։ Կրքերը հանդարտվեցին մի քանի ժամ շարունակված բանակցություններից հետո, որոնց հոգևորականներից բացի, մասնակցում էին նաև Թբիլիսիից ժամանած խորհրդարանականները, այդ թվում` նախկին օմբուդսմեն, այժմ վրացական խորհրդարանի պատգամավոր Սոզար Սուբարին։
«Մենք գործնականում մի ընտանիք ենք և պետք է ապրենք այստեղ, կողք կողքի, հանուն մեր հայրենիքի բարօրության։ Շատ մարդիկ կան, որոնք քաղաքական կամ այլ պատճառներից դրդված ցանկանում էին, որ իրադրությունը շարունակի սրվել։ Պետք չէ չարակամ մարդկանց ուրախության առիթներ ընձեռել», - հայտարարում էր Սուբարին։
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշերը Դմանիսիում հանդարտ է անցել։ Թեև առավոտյան կողմ ևս բախումները չեն վերսկսվել, Թբիլիսիից և Վրաստանի մի շարք այլ շրջաններից ժամանած ոստիկանական ստորաբաժանումները շարունակում են մնալ Դմանիսիում, հաղորդում են վրացական հեռուստաալիքները։
Դմանիսիում բնակվող ադրբեջանցիների և 80-ականներին արևմտյան Վրաստանից՝ Սվանեթիայի բարձրլեռնային շրջաններից վերաբնակեցվածների միջև հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին կիրակի օրը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի քանի տասնյակ սվան երիտասարդներ հարձակվեցին ադրբեջանցիներին պատկանող խանութներից մեկի վրա։ Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ վրացիների դժգոհության պատճառն այն էր, որ խանութի ադրբեջանցի տերերը հրաժարվել էին երիտասարդներին ապառիկով գարեջուր վաճառել։