Մատչելիության հղումներ

Հարությունյանը՝ Շոյգուին. Իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել


Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկերոջ՝ գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի պաշտպանության նախարարին է ներկայացրել մայիսի 12-ին և 13-ին «ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը»։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Հարությունյանը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի քանի խմբեր վերադարձել են ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի տարածքում, ինչը նշանակում է, որ խնդիրն, ընդհանուր առմամբ, դեռևս չի հանգուցալուծվել։

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները, շեշտելով, որ իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։

ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։

Նշենք նաև, որ այսօր ավելի վաղ Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում սահմանապահ ծառայություն իրականացնող «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ բանակցություններ են ընթանում։

Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստից հետո իրավիճակը դեռ ճգնաժամային որակեց՝ նշելով, որ ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ։ Նրա փոխանցմամբ, սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին՝ չորեքշաբթի օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG