Մատչելիության հղումներ

Փաշինյանը Լուկաշենկոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները:

Համաձայն վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության, Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք: Վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա:

Բելառուսի նախագահը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:

Հիշեցնենք՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ բանակցություններ են ընթանում։

Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստից հետո իրավիճակը դեռ ճգնաժամային որակեց՝ նշելով, որ ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ։ Նրա փոխանցմամբ, սամանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին՝ չորեքշաբթի օրը։

XS
SM
MD
LG