Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանագծման աշխատանքներում, ասում է Լավրովը


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին՝ սահմանի դեմարկացիայի աշխատանքներում, և կրքերը սրելու կարիք չի տեսնում, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումից շուրջ մեկ շաբաթ անց ասուլիսի ժամանակ անդրադառնալով իրավիճակին՝ Լավրովն ասել է․ - «Միջադեպից հետո ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, պարզաբանել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, և որ ամենակարևորն է՝ սահմանազատված և սահմանագծված [դելիմիտացիա և դեմարկացիա] սահմանի բացակայությամբ»։

«Մենք առաջարկել ենք, որ կողմերն աշխատեն այդ ուղղությամբ, և մենք պատրաստ ենք նրանց աջակցել քարտեզներով ու խորհրդատվական ծառայություններով», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Լավրովն ընդգծել է, որ մինչ օրս որևէ կրակոց չի հնչել, բախումներ չեն եղել։ «Հանգիստ նստել են, սկսել են պայմանավորվել, թե ինչպես է պետք այս իրավիճակը հարթել, մեզնից աջակցություն են խնդրել, մեր զինվորականները տրամադրել են, ձեռք է բերվել համաձայնություն։ Ես չեմ տեսնում կրքերը թեժացնելու որևէ կարիք այս բավականին հեշտ կարգավորվող հարցում», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կայացած ասուլիսում։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը է՛լ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:

Ավելի վաղ՝ սահմանային այս լարվածության նախօրեին մեկնելով Բաքու, Լավրովը խոսել էր նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին և հայտարարել` «խնդիրը բարդ է, սակայն լուծելի»։

XS
SM
MD
LG