Մատչելիության հղումներ

Բրյուսելը ծայրահեղ զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված «մտահոգիչ» վիճակին, հայտարարել է միության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատարը:

Ժոզեպ Բորելը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ, ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի, այսօր` Ադրբեջանի արտգործնախարարի հետ` կոչ անելով երկու կողմին ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունը:

Բորելի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, իր հերթին, շփումների մեջ է ԵԱՀԿ նախագահության հետ:

«Սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրագործվեն բանակցությունների ճանապարհով` հօգուտ տեղի բնակիչների անվտանգության: Մենք ողջունում ենք կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները», ֊ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարարը:

Պաշտոնական Երևանը հաղորդում է մայիսի 12-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման և առաջխաղացման մասին: Հայաստանն այդ առնչությամբ պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է, և դաշնակից Ռուսաստանին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, առայժմ՝ անարդյունք:

XS
SM
MD
LG