Մատչելիության հղումներ

«Այստեղ անվճար է»․ Հայաստանում քովիդի դեմ պատվաստվել ցանկացող իրանցիների թիվն աճում է


Քովիդի դեմ պատվաստումների երևանյան շարժական կետերի հերթերում վերջին օրերին բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների կարելի է հանդիպել, հատկապես Իրանից։

Հարևան երկրի քաղաքացիները «Ազատության» հետ զրույցներում ընդգծում էին՝ որոշել են այստեղ պատվաստվել, քանի որ Իրանում պատվաստանյութերն իրենց համար հասանելի չեն։

«Այստեղ անվճար է», - ասաց իրանցի տղամարդկանցից մեկը՝ շարունակելով․ - «Շատերն են գալիս այստեղ պատվաստվելու համար, Հայաստանում անվճար է, մեզ մոտ թանկ է ու շատ չկա»։

Օտարերկրյա քաղաքացիների համար պատվաստման ընթացակարգը նույնն է․ սկզբում ստուգում են պատվաստվել ցանկացողների առողջական վիճակը։

«Սկզբում անամնեզ ենք հավաքում, հետո նոր կատարվում է», - ասաց բժշկուհին՝ նշելով՝ պատվաստվել ցանկացողների թվի դինամիկան վերջին շրջանում աճել է և՛ հայերի, և՛ արտասահմանցիների շրջանում։

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ շարժական կետերը մեծացրել են քաղաքացիների հետաքրքրվածությունը։ Մինչև մայիսի 12-ը ներառյալ Հայաստանում պատվաստվանյութ է ստացել 15 հազար 704 անձ, սակայն, օտարերկրացիների և տեղացիների համար առանձին վիճակագրություն նախարարությունը չի վարում։ Ուստի կարելի է արձանագրել՝ Հայաստանի բնակչության մեկ տոկոսն էլ դեռ չի պատվաստվել։ Ընդ որում մինչ Հայաստանի քաղաքացիները կամուկացի մեջ են՝ պատվաստվել, թե՝ ոչ, բազմաթիվ իրանցիներ գալիս են Հայաստան հենց պատվաստվելու նպատակով։

«Իրանում իմ տարիքի համար հասանելի չէ, եկել եմ հենց պատվաստվելու համար, երկու ամսից կվերադառնամ՝ երկրորդ դեղաչափը ստանալու», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Մեկ այլ իրանցի էլ նշեց․ - «Քովիդի դեմ պատվաստանյութերը Իրանում երիտասարդների համար հասանելի չեն, ես աշխատում եմ, շատ մարդկանց հետ եմ շփվում, որոշեցի գալ և պատվաստվել»։

Որոշներն էլ պատվաստվելը համատեղում են հանգստի հետ․ - «Իմ կարծիքով՝ երիտասարդների համար Իրանում պատվաստանյութերը հասանելի կլինեն ամիսներ հետո, որովհետև իրավիճակն իմ երկրում ծանր է։ Եկել եմ նաև արձակուրդս անցկացնելու»։

Հայաստանում այժմ կիրառվում է երկու տեսակի պատվաստանյութ. բրիտանաշվեդական AstraZeneca-ն և ռուսական Sputnik V-ն , առաջինը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին, երկրորդը՝ 18-ից 54 տարեկան խոցելի խմբերի քաղաքացիներին։ Հայաստան է ներկրվել նաև չինական Coronavak-ը։ Նախարարությունից հայտնում են, որ այն նույնպես շուտով հասանելի կլինի բոլոր չափահաս ցանկացողներին։

XS
SM
MD
LG