Մատչելիության հղումներ

Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը


Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ, անհարգալից և բարոյական ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները խախտող վարքագծով, այսօր հայտարարել է Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ խստորեն դատապարտելով իշխող խմբակցության պատգամավորի «ապաբարոյական վարքագիծը» և իշխանություններից պահանջելով «բառի բուն իմաստով սանձահարել նրան»։

Հակառակ դեպքում, միությունը նշում է, որ լրագրողական ու ոչ միայն լրագրողական հանրությունը ստիպված կլինի արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանն «իր այս վարքագծով արտահայտում է ոչ միայն սեփական հոգեբանական բարդույթները, այլև կատարում է մամուլի դեմ սկսված կեղտոտ արշավի՝ իշխանության ամենաբարձր օղակներում կայացված որոշումը»։

Հայտարարությունում նշվում է, որ Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը Քոչարյանի հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, այն պատկերավոր դարձնելու համար ներկայացրել է համեմատություն՝ «բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի խփեք, էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած»: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը լրագրողին հարցրել է «երեխեքդ տղա՞ են», և ստանալով դրական պատասխան՝ շարունակել է՝ «իսկ ամուսի՞նդ»: Այնուհետև նա հարցրել է ՝ «ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք»։ Եվ ի պատասխան լրագրողի՝ «տանեիք» արտահայտության, ասել է. «Ասա՝ ուզում ես բաժանվես»:

Ըստ Ժուռնալիստների միության՝ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հարաբերություններում արդեն անցնում է «անգամ ամենապարզ բարեկրթության բոլոր սահմանները և խորհրդարանում իրեն դրսևորում է՝ որպես փողոցային տղեկ»։

«Կարգի՛ հրավիրեք կանանց և լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին», - ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG