Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում իրավապահներին, քաղաքական ուժերին՝ զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ


Լրագրողական ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ կոչ են անում թե՛ պետական պաշտոնյաներին, թե՛ իրավապահ մարմիններին և թե՛ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ վերջիններիս՝ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունն օրենքի և լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ։

Կազմակերպությունների համատեղ հայտարարության համար հիմք է հանդիսացել մասնավորապես մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և Tert.am լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի հետ կապված միջադեպը։

Ըստ կազմակերպությունների՝ Գևորգյանը հարց է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հարգանքի տուրք էր մատուցում զոհված զինվորների հիշատակին։ Հայտարարությունում նշվում է, որ լրագրողը փորձել է մոտենալ կառավարության ղեկավարին, ինչը կանխել են իրավապահներն ու Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Ավելի ուշ, ինչպես նշված է հայտարարությունում, ոստիկանները սահմանափակել են թե՛ Անի Գևորգյանի, թե՛ News.am լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը պանթեոնում։

«Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին։ Հիշեցնենք, որ վերջերս նա Սյունիքում խոչընդոտել էր նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակցի աշխատանքը։ Սա անընդունելի պահվածք է, ինչը հակասում է պետական պաշտոնյայի քաղաքակիրթ վարքագծի կանոններին, առավելևս՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցության համար պատասխանատու անձի պարագայում», - հայտարարել են լրագրողական կազմակերպություններն՝ ընդգծելով․ - «Հաշվի առնելով գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները և նախատեսվող զանգվածային միջոցառումները՝ վստահաբար կարելի է ենթադրել, որ լրագրողների գործունեության պայմանները զգալիորեն բարդանալու են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG