Մատչելիության հղումներ

Ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում, մշտադիտարկում կիրականացվի


Մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:

Պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից:

«Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է», - հայտարարում է Թաթոյանը:

Նրա խոսքով՝ իր աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ:

Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածություն, նշել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նաև իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին:

Նա նաև նշում է, որ իր անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը։

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով, արագ արձագանք կլինեն Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքներին, ներառյալ՝ թեժ գծին ստացվող ահազանգերին։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է հունիսի 20-ի արտահերթի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը․ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

XS
SM
MD
LG