Մատչելիության հղումներ

Այսօր Երևան է ժամանում Վրաստանի վարչապետը


Georgia -- Irakli Gharibashvili in Zugdidi
Georgia -- Irakli Gharibashvili in Zugdidi

Այսօր Երևան է ժամանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է, ով 44-օրյա պատերազմից հետո այցելում է Հայաստան։  

Այս փետրվարին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնած Ղարիբաշվիլիին ընդունելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ, նախատեսված է, որ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն էլ հյուրընկալելու է վրաստանցի իր գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին, ով ուղեկցում է Ղարիբաշվիլիին հայաստանյան այցի ընթացքում։

Վրաստանի վարչապետի կարգավիճակում Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ չէ այցելում Հայաստան։ 2013թ. նոյեմբերից մինչև 2015թ. դեկտեմբեր նա դարձյալ զբաղեցնում էր կառավարության ղեկավարի աթոռը, և 2014թ. օգոստոսին Երևանում էր։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, հատկապես 44-օրյա պատերազմից հետո հարաբերությունները Վրաստանի հետ ձեռք են բերել լրացուցիչ կարևորություն, նաև այն պատճառով, որ տարածաշրջանում երկու երկրներն են շարժվում ժողովրդավարության ուղղությամբ։

«Մեզ համար Վրաստանը շատ կարևոր է, բայց այս պատերազմի՝ Հայաստանի համար ծանր ելքից հետո նաև Վրաստանի համար Հայաստանը դարձավ շատ կարևոր, քանի որ երեք ոչ դեմոկրատական համակարգեր, դիկտատուրաներ՝ առաջին հերթին Ադրբեջանում և Թուրքիայում, մասամբ Ռուսաստանում, փաստորեն ծանր վիճակի մեջ դրեցին Հայաստանը։ Ու դա ավտոմատ նշանակում է, որ Վրաստանն էլ ավելի ծանր վիճակում է գտնվում դրա պատճառով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ Վրաստանը ըստ էության դեմ է արտահայտվել 44-օրյա պատերազմից հետո առաջարկված հարավկովկասյան համագործակցության «երեք գումարած երեք» ձևաչափին՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան․ - «Ես կարծում եմ, գլխավորը, ինչ մենք պետք է դուրս բերենք այս պատերազմից հետո Վրաստանի նկատմամբ, այն է, որ Վրաստանը գտնվելով ծանրագույն վիճակում, ճնշման տակ նաև Թուրքիայից, Ադրբեջանից, այլ խաղացողներից, ովքեր ի օգուտ Ադրբեջանի աշխատում էին, այնուամենայնիվ փորձեց համեմատաբար նեյտրալ դիրքեր գրավել»։

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին հայ-վրացական երկկողմ առևտուրը կազմել է 30,7 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,9 տոկոսով, և այդ ծավալով Վրաստանը Հայաստանի տասներորդ խոշոր առևտրային գործընկերն է։

Այս տարվա ապրիլին Թբիլիսի էր մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի և Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հանդիպում չկայացավ։

Մեկ շաբաթ առաջ Վրաստանի վարչապետը Բաքվում էր, ուր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարեց, թե Թբիլիսին պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը Ադրբեջանի հետ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները։ Իր հերթին, Ալիևը շնորհակալություն էր հայտնել Վրաստանի կառավարությանը «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG