Մատչելիության հղումներ

Արյունալի ողբերգություն Կազանի գիմնազիաներից մեկում


Ռուսաստան, Թաթարստան - Ոստիկանական ու շտապ բուժօգնության ավտոմեքենաները Կազանի թիվ 175 գիմնազիայի մոտ, 11-ը մայիսի, 2021թ․

Կազանի գիմնազիաներից մեկի նախկին սանն այսօր անկանոն կրակ է բացել նույն դպրոցում, առնվազն ինը մարդ սպանվել է, կան տասնյակ վիրավորներ։ Զոհերից յոթը երեխաներ են։

Արյունալի ողբերգության շարժառիթներն ու մանրամասները դեռ հստակ չեն: Այս պահին հայտնի է միայն, որ հանցագործության համար մեղադրվում է 19-ամյա մի երիտասարդ, ով ձերբակալվել է հենց դեպքի վայրում։ Իրավապահները հաստատել են, որ նրա մոտ եղել է հրազեն, որը վերջինս ստացել է օրինական ճանապարհով։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, թե հարձակվողները մի քանիսն են եղել, և անգամ նրանցից մեկը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Պաշտոնական աղբյուրները, սակայն, այդ լուրերը չեն հաստատում։

Ականատեսներն իրենց հերթին պնդում են՝ կրակոցներից բացի, հնչել են նաև պայթյուններ, ընդ որում՝ մի քանիսը։

«Չորս ռումբ պայթեց, բոլոր դռները կոտրվեցին, երեխաներից երեքը պատուհանից էին ուզում ցած նետվել, հետո ոստիկաններն եկան ու մեզ դուրս բերեցին»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է աշակերտուհիներից մեկը. «Մենք ռուսերենի ռաս էինք անում, երբ ինչ-որ պայթյուն լսեցինք առաջին հարկում, սկզբում բանի տեղ չդրեցինք, բայց հետո նոր պայթյուններ եղան»։

Այն, որ բազմահարկ գիմնազիայի շենքում կրակոցներից բացի, նաև պայթյուններ են հնչում, երևում է նաև Տելեգրամ ալիքներում հրապարակված տեսանյութերում։ Պաշտոնական աղբյուրները, սակայն, առայժմ այս պնդումները չեն հաստատում։

«Պայթյունների ձայները հասնում էին երկրորդ, երրորդ հարկեր: Մենք խուճապի մեջ էինք, սիրտս ցավում էր: Դպրոցի տնօրենն ասաց՝ նստարաններով փակենք դուռը, որ ներս մտնել չլինի․․․երկրորդ հարկի երեխաներից մի քանիսը սկսեցին հենց պատուհաններից նետվել ցած»:

Վերջին տվյալներով` վիրավորների թիվը հասնում է երկու տասնյակի, մեծ մասը երեխաներ են, վեցի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ոմանք հրազենային վնասվածքներ են ստացել, չորսի դեպքում վերջույթներն են կոտրվել, երբ փորձել են փրկվել՝ պատուհանից ցած նետվելով։

Ողբերգական միջադեպից ժամեր անց հրապարակվեց ձերբակալվածի անուն-ազգանունը՝ Իլնազ Գալյավիև: Պարզվեց, որ նա սովորել է նույն դպրոցում, հետո ուսումը շարունակել Թաթարստանի տեխնիկական քոլեջներից մեկում։ Ամիսներ առաջ սկսել է վատ հաճախել, չի հանձնել քննությունները, ինչից հետո դուրս է մնացել։ Թե ինչու է որոշել դպրոցն ավարտելուց չորս տարի անց վերադառնալ, այն էլ զենքով՝ դեռ հստակ չէ։ Լրատվամիջոցները պնդում են, թե այս դեպքից առաջ նա իր Տելեգրամ ալիքն էր բացել, որտեղ ներկայանում էր որպես Աստված, խոսում մարդկությանը վերացնելու, հաշվեհարդար տեսնելու ծրագրերից։ Ընդ որում` պաշտոնապես հատատվել է նաև, որ վերջինս երկու շաբաթ առաջ՝ ապրիլին է զենք կրելու թույլտվություն ստացել՝ անցնելով մի շարք ստուգումներ, այդ թվում՝ հոգեբանական փորձաքննություն։ Թե ինչպես՝ կպարզի քննությունը, այժմ քրեական գործ է հարուցվել նաև այս փաստով։

Վերջին անգամ զենքի գործադրմամբ նման միջադեպ ռուսական դպրոցներում տեղի էր ունեցել երկու տարի առաջ, երբ Ամուրի մարզի քոլեջներից մեկի աշակերտը կրակ էր բացել որսորդական հրացանից, զոհվել էր մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել էին։ Այսօրվա միջադեպը ստիպել է իշխանություններին վերանայել զենքի տրամադրման ու պահպանման կանոնները: Նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ խոսնակի, հանձնարարել է «հրատապ կարգով խստացնել պահանջները և վերանայել թույլատրելի զենքերի ցանկը»: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ առաջարկել է տարիքային շեմը բարձրացնել և հրազեն վստահել միայն 21 տարեկանը լրացած անձանց։

Մինչ օրենսդրական այս փոփոխությունները կներկայացվեն ու կընդունվեն, լրատվամիջոցներում այլ հարց է շրջանառվում՝ ինչպե՞ս է երիտասարդը՝ զենքը ձեռքին, դպրոց մտել, և որտեղ են եղել այդ ժամանակ անվտանգության աշխատակիցները։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ` պահակակետում եղել է առնվազն երկու անձ, որոնք վնասվածքներ են ստացել, բայց կարողացել են օգնության համար անհրաժեշտ կոճակը սեղմել։ Տեղական լրատվամիջոցները, մինչդեռ, պնդում են, թե դպրոցում անվտանգության աշխատակիցներ ընդհանրապես չեն եղել, և որ այդ, այսպես կոչված, կարմիր կոճակը սեղմել ու իրավապահներին օգնության է կանչել դպրոցի շարքային աշխատակիցներից մեկը։

Մանրամասները պարզելու համար նշանակվել է քննություն, որը կիրականացնեն դաշնային ծառայությունները։

Թաթարստանում վաղը սգո օր է հայտարարված։

XS
SM
MD
LG