Մատչելիության հղումներ

Ազգային գրադարանը ներկայացնում է Շուշիի հարյուրամյա հայ գրատպության նմուշներ


Հայ գրատպության 500-ամյա պատմության մեջ իր որոշակի դերն ունի Շուշիի հարյուրամյա հայ գրատպությունը, որը սկիզբ է առել 1828 թվականին՝ քաղաքում առաջին հայկական տպարանի հիմնադրմամբ:

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում բացվեց մի ուշագրավ ցուցահանդես, որտեղ ներկայացված է Շուշիի գրատպության պատմությունը՝ սկսած 1828 թվականից, երբ շվեցարացի երկու բողոքական միսիոներներ այնտեղ հիմնադրեցին առաջին հայկական տպարանը, որն այս տարածքում երկրորդն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող տպարանից հետո:

Այսօր ազգային գրադարանում ներկայացված էին թե այս, թե նաև 1828-ից հետո ստեղծված մի շարք տպարանների հրատարակած գրքեր և պարբերական մամուլի ցուցանմուշներ:

Շուշիի առաջին տպարանի հիմնադրումից հետո քաղաքում աստիճանաբար բուռն զարգացում է ապրում հայ գրատպությունը, և դրա վառ ապացույցն են մինչև 1920 թվականը տարբեր տպարաններում հրատարակված գրքերն ու թերթերը:

Շուշիի ամենահայտնի տպարանը հիմնադրել է Միրզաջան Մահտեսի Հակոբյանցը 1879 թվականին: Հրատարակել է 54 անուն գիրք: Այսօր այդ գրքերը պահպանվում են Ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի ֆոնդերում: Այս ցուցահանդեսը կազմակերպել է հենց այս բաժինը:

Բաժնի աշխատակցուհի Արմինե Մկրտչյանի խոսքով, մինչև 1920 թվականը Շուշիիում մոտ մեկ դար տպագրվել են ոչ միայն բազմաթիվ գրքեր, այլև 28 անուն հայալեզու ամսագրեր և թերթեր: Ասօրվա ցուցահանդեսի բացումն էլ նպատակ ունի ներկայացնել ոչ միայն Շուշի հայկական գրահրատարակչության պատմությունը, այլ նաև արցախցու հոգևոր-մշակութային կերպարը:

«Ինձ թվում է, շատ կարևոր փաստ է՝ հավաստելու, որ Շուշին իհարկե հայկական է։ Հզոր քաղաք է եղել 19-րդ դարում՝ իր հոգևոր արժեքներով։ Ավելացնեմ, որ արցախցին ոչ միայն իր հերոսական ոգով աչքի չի ընկել, աչքի է ընկել նաև հոգևոր տիրույթի, գրի ու գրականության հանդեպ տածած սիրով, կրթալուսավորչական և հրատարակչական գործունեությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտչյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է 1920 թվականից հետո դադարել Շուշիի հարյուրամյա գրատպությունը և այնտեղ գործող 5 տպարանների գործունեությունը՝ նա ասաց․ - «1920 թվականին թուրք-թաթարական, ադրբեջանական հրոսակների ցեղասպան գործողությունների հետևանքով, իհարկե ընդհատվեց աննախադեպ մշակութային վերելքը Շուշիում։ Դա էր պատճառը»։

«Անձեռնմխելի գրականություն» բաժնի ղեկավար Ալիսա Ադամյանի խոսքով, բաժնում պահպանվում է 500 հազար անուն գիրք և մամուլ՝ մեկական օրինակով, հենց այդ պատճառով էլ բաժինը կոչվում է անձեռմխելի, քանի որ ընդհանուր առմամբ այս բաժնի գրականությունը անձեռմխելի է հանրության համար, բայց ո՛չ գիտնականների:

«Երբ որ գրադարանում պահպանվում է մեկ միավոր գիրք, այսինքն չկա ուրիշ տեղ հանրապետությունում, միայն մեզ մոտ է, մենք ո՞նց կարող ենք մեր գիտնականներին մերժել։ Եվ ոչ միայն գիտնականներին։ Թույլ ենք տալիս մեր ընթերցասրահում 15 օրով ընթերցել։ Միայն մեր ընթերցասրահում», - «Ազատությանն» ասաց Ադամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG