Մատչելիության հղումներ

«Ապրիլյանից հետո մեր պետական համակարգը չի պատրաստվել պատերազմի ո՛չ մինչև հեղափոխությունը, ո՛չ հեղափոխությունից հետո»․ Մարուքյան


Պետությունը պատրաստ չի եղել պատերազմին, այսօր Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի՝ փակ նիստում կայացած քննարկումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Լրագրողը մասնավորապես հետաքրքրվեց Մարուքյանից, թե արդյո՞ք 2016-ի բացթողումներն այս տարիների ընթացքում լրացվել են, զեկույցը տվե՞ց այս հարցի պատասխանը։

«Չէ, զեկույցն այդ հարցի պատասխանը չի տալիս, բայց ես կարող եմ այդ հարցի պատասխանը տալ առանց զեկույցի, որ այն թերությունները, որոնք մենք ունեցել ենք ապրիլյանի ժամանակ, էդ թերությունները մենք որպես պետություն չենք վերացրել, որովհետև մենք, երբ խոսում ենք բանակի և պատերազմի մասին, մենք պետք է հասկանանք, որ բանակը միայնակ չի պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմների, սակայն ապրիլյան պատերազմից հետո, թեկուզ և 4-օրյա, մեր պետական համակարգը չի պատրաստվել ո՛չ մինչև հեղափոխությունը, ո՛չ հեղափոխությունից հետո», - պատասխանեց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Բնականաբար, մեծ պլաններ են եղել, օրինակ, ես գիտեմ, Օնիկ Գասպարյանի մասով կարող եմ ասել, որ մեծ պլաններ են եղել և ներկայացվել են, թե ինչ պետք է արվի, բայց նրա նշանակումից մեկ ամիս անց 44-օրյա պատերազմը սկսվել է։ Այդ մեկ ամսում էլ հնարավոր չէր շտկել և պատրաստել պետությունը պատերազմին։ Հետևաբար, մենք դիվանագիտական դաշտում պետք է ամեն ինչ անեինք, որ պատերազմ չսկսկեր։ Պետությունը պատրաստ չի եղել պատերազմին, ոչ թե բանակը, այլ՝ պետությունն ամբողջությամբ»։

Նշենք, որ հանձնաժողովի զեկույցը քննարկվում էր փակ նիստում, քանի որ փաթեթն, որը կազմվել է աշխատանքների ընթացքում, ինչպես պարզաբանվեց, պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ։

XS
SM
MD
LG