Մատչելիության հղումներ

Ասյա Ալոյանն արդեն 7 ամիս է լուր չունի պատերազմ մեկնած որդուց


Ասյա Ալոյան

Ասյա Ալոյանը արդեն 7 ամիս որևէ լուր չունի պատերազմ մեկնած ու այդպես էլ չվերադարձած 39-ամյա որդուց, որը մարտի դաշտ է գնացել Արարատի մարզի ընկերների հետ, այդ խմբից ընդամենը մի քանիսն են վերադարձել։

«Ուրիշի պատմելով՝ շրջափակման մեջ են մտել, չեն կարացել դուրս գան։ Արդեն 7 ամիս է լուր չունեմ», - ասաց Ասյա Ալոյանը։

Որդուն գտնելու հույսը գրեթե կորցրած կնոջ ուշքն ու միտքն այժմ Ռուսաստանում մնացած թոռներն են։ Ասյա Ալոյանի որդին վերջին տարիներին կնոջ և երեք երեխաների հետ ապրում էր Ռուսաստանում, սեպտեմբերին Հայաստան էր եկել մի քանի շաբաթով և այդ ընթացքում հասցրել էր մեկնել պատերազմ՝ Ռուսաստանում թողնելով ընտանիքը, որն այժմ չափազանց վատ վիճակում է հայտնվել․ երեխաների մոր չնչին աշխատավարձը չի բավարարում տան վարձի, կոմունալ վճարումների և մյուս պահանջների համար։

«Լավ չեն ապրում, ինձանից են գումար ուզում, ասում են՝ «տատի թոշակդ ստացի․․․», 25 հազար եմ ստանում, էդ էլ հիվանդության գումարը, վախտ կա ուղարկում եմ, ինչ անեմ, չեն կարում ապրեն, լույսն ա, ջուրն ա, ռուսն էլ, որ փողը չտաս, վռազ հանում ա, ասում ա՝ «դուրս եկեք»։ Էրեխեքը՝ մեկը 9 տարեկան ա, մեկը՝ 12, էն մեկն էլ՝ 16, սենց վատ վիճակի մեջ են, չգիտեմ՝ոնց կլինի», - պատմեց Ասյա Ալոյանը։

Ծայրահեղ աղքատության մեջ հայտնված Արտաշատի արվարձանում գտնվող խարխուլ վագոնում բնակվող կինը երկու քարի արանքում է՝ ո՛չ կարողանում է օգնել թոռներին ու հարսին՝ վերադառնալ Հայաստան, ո՛չ կարողանում է բարելավել իր կյանքի ծանր պայմանները, որդու մահը խարխլել է նրա՝ առանց այն էլ բարդ կյանքը․ - «Տոմսի գումար ա պետք, որ ուղարկեմ գան, գոնե ավտոբուս աշխատեր, էլի էժան էր, ոչինչ, բայց ավտոբուս չկա, Լիպեցկ են մնում»։

Նա պատմում է, որ այս տնակում հայտնվել է երկու տարի առաջ, երբ ստիպված է եղել վաճառել իր նախկին տունն ու այդ գումարով վճարել ողնաշարի վիրահատության համար։ Հետո ժամանակավոր եկել է այստեղ, մինչև որդու օգնությամբ փոքրիկ տուն կկառուցեր, հիմա որդին չկա, տունն էլ կիսակառույց է։

«Ինձ էլ էին ասում՝ «գնա վարձով մնա»։ Չեմ կարա, վարձով չեմ կարա։ Նենց ա որ մի քիչ քար եմ առնում էդ փողով, մի քիչ ցեմենտ՝ քիչով, բերում են մի քիչ շարում են, նորից մնում ա։ Մտածում եմ մի փոքրիկ տուն կառուցեմ էլի, քան թե էս դոմիկը, էս դոմիկն էլ մերը չի էլի, ուրիշի ա, մինչև ամսի 20-ը պիտի գան տանեն, սար են գնում, հետները տանում են սար»։

Ալոյանի ընտանիքը չի օգտվում պետական աջակցության որևէ ծրագրից՝ ո՛չ մայրը, ո՛չ Ռուսաստանում գտնվող երեխաները։ Նրանք անգամ չգիտեն, թե ինչպես պետք է ստանան աջակցություն, իսկ տարբեր անհատներից ստացած օգնությունն Ասյան ուղղում է կիսակառույց տան շինարարությանը։ «Պետությունը մի անգամ տվել ա 40 հազար, մի քիչ ուտելիք ա տվել՝ ձեթ, պեսոկ․․․, մեկ էլ 100 հատ ճուտիկ են տվել, էդ ա եղել»։

Վագոնի հարակից այգուց բացվող Արարատի տեսարանն անգամ կնոջը չի օգնում մի պահ գոնե մոռանալ իր վշտի կամ հոգսերի մասին։

«Ձմեռը ցուրտ ա լինում, բայց, որ շոգերն ընկնում են, խեղդոց ա լինում, մարդ վախենում ա օձերից դուռ բացի, լուսամուտ բացի», - ասաց Ասյա Ալոյանը։

Կիսախարխուլ այս տնակում էլ ընդունելու է թոռներին, եթե տնակի տերերը վագոնն իրենց հետ սար չտանեն։ Անգամ, եթե տանեն, թե՛ ինքը, թե՛ թոռները կմնան այս տարածքում, քանի որ գնալու տեղ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG