Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների առևտրաշրջանառությանը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին, հայտնում են կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին: «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության զարգացման կարևորագույն ցուցիչներից է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Բոլատ Իմանբաևը համակարծիք է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որ տնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք չի իրացվում, և ինքն ակտիվ աշխատելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փոխշահավետ մյուս ուղղություններով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախստանյան հարաբերությունների օրակարգի և այն հարստացնելու ուղղությամբ անելիքների շուրջ:

Առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումների ներգրավման համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա ընթացքում:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և նշել, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և դրանով իսկ խաթարել կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի կողմից հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման քաղաքականության վրա՝ ընդգծելով, որ միջազգային առաջադեմ հանրությունը պետք է ջանքեր գործադրի վանդալիզմի այդ դրսևորումները կանխարգելելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG