Մատչելիության հղումներ

Սպիտակի համայնքապետարանում 2015-2020-ին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Դատախազությունը հաղորդում է Սպիտակի համայնքապետարանում 2015-2020-ին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստով քրեական գործ հարուցելու մասին։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020 թվականների ընթացքում Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, այդ թվում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով 58 դեպք, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով` 22 դեպք:

Ինչպես նշված է Դատախազության հաղորդագրությունում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ չորսհարյուրապատիկի չափով: «Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք վերը նշված 80 դեպքով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ չեն կիրառել և գանձել առնվազն 18,8 միլիոն դրամի տուգանք՝ առաջացնելով ծանր հետևանքներ», - նշում է Դատախազությունը։

Բացի այդ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015 թվականին կայացած աճուրդին, ըստ համայնքի ղեկավարի, աճուրդի կազմակերպչի և արձանագրողի ստորագրած ձեռագիր արձանագրության, մասնակցել են գրանցված 4 մասնակիցներից 2-ը, մինչդեռ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տվյալների համաձայն՝ վերջիններիցս մեկն այդ ընթացքում բացակայել է Հայաստանի տարածքից: Ըստ արձանագրության առավելագույն գին առաջարկած մասնակցին վաճառվել է 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս: «Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք կազմել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդին անձանց մասնակցության մասին կեղծ արձանագրություն՝ օտարելով նշված հողամասը», - ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունը շարունակում է՝ 2015-2020 թվականներին յուրաքանչյուր տարի Սպիտակի համայնքապետարանը «Նարինե» ՍՊԸ-ի հետ կնքել է քաղաքում փողոցների սանիտարական մաքրման և հարակից ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 92,3մլն դրամ արժեքով: Կատարողի պարտականությունների մեջ են մտել 67 հազար 530-ից մինչև 78 հազար 916 քմ ընդգրկող ներքաղաքային փողոցների, մայթերի, հրապարակների, բակային տարածքների, հուշարձանների ու դրանց պատվանդանների, քաղաքային զբոսայգու և ջրավազանի, այլ ինժեներական կառույցների ամենօրյա ձեռքի և մեքենայական մաքրման, լվացման սանիտարական մաքրման ծառայություններ: Սպասարկվող այդ տարածքների մեջ են ընդգրկվել նաև 13 հազար 600 քմ կազմող՝ բնակավայրերի տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներ, որոնց սպասարկումը իրականացվում է «Ճանապարհ» ԲԲԸ-ի կողմից․ - «Այսինքն համայնքապետարանի կողմից ի սկզբանե վերոնշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերով ավել է նախատեսվել շուրջ 13600 քմ տարածքի սանիտարական մաքրման ծառայություններ, որը դրամական արտահայտությամբ 2015-2020թթ. համար ընդհանուր կազմել է 15,5 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ պարզվել է, որ «Ն...» ՍՊԸ–ի ներկայացրած և համայնքապետարանի կողմից ընդունված կատարողական ակտերում իրականացվել են մաքրվող տարածքների մակերեսների հավելագրումներ՝ 5896 քմ չափով, որի արդյունքում համայնքապետարանը ընկերությանն ավել է վճարել մոտ 1,5 մլն դրամ»:

Առկա են տվյալներ նաև այն մասին, որ Սպիտակի համայնքապետարանը 2015-2020 թվականներին մի քանի ընկերությունների հետ քաղաքում տարբեր բնույթի աշխատանքների, մասնավորապես՝ փողոցների լուսավորության համակարգերի թարմացման, քաղաքային զբոսայգու հուշարձանի և բեմի հանդերձարանի վերանորոգման, առանձինթ աղամասերի ասֆալտապատման և լուսավորության համակարգերի կառուցման, անձրևաջրատար առվի կառուցման, մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման, Սպիտակի գեղարվեստի դպրոցի և երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքների կատարման 8 պայմանագրեր՝ տարբեր արժեքներով: Կազմված կատարողական ակտերով համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները՝ ընկերություններին վճարելով պայմանագրերով նախատեսված ամբողջ գումարը: Մինչդեռ ՊՎԾ աշխատակիցների կողմից նշված պայմանագրով կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել են կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։ «Այդ կերպ 2015-2019թթ. համայնքապետարանի պատասխանատու անձինք կատարողական առերևույթ մտցրել են փաստացի չկատարված աշխատանքների կատարման վերաբերյալ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11 մլն ՀՀ դրամ համայնքային միջոցներ», - ասված է հաղորդագրությունում։

Նշված փաստերի առթիվ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի, 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասի, 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք՝ Սպիտակ համայնքը արդեն 13 տարուց ավելի ղեկավարում է հանրապետական Գագիկ Սահակյանը, ով Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG