Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է Ղազանչի համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի մասին


Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Շիրակի մարզի Ղազանչի համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարարելու դեպքեր:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի 3.6 միլիոն դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները, իսկ 2014-2016 թվականների ընթացքում Ա.Հ-ին հրամանագրել է որպես համայնքի հաշվապահ և վերջինի կողմից աշխատանքի չհաճախելու ու աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկավճարային՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել այս աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` աշխատավարձի և վերջնահաշվարկի տեսքով ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ա.Հ-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել է շուրջ 2.1 մլն դրամ:

«Շարունակելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու հանցավոր մտադրության իրականացումը՝ Ս.Ղ-ն, 2013-2016 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով հարկային գործակալ Ք. Գ-ի հետ, սոցիալապես անապահով անձանց աջակցություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից ելքագրել է շուրջ 700.000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել հիշյալ անձանց, այլ ստանալով այն՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի այդ, Ս. Ղ-ն առանց սահմանված կարգի, այն է՝ առանց ավագանու որոշման, իրավաբանական ծառայություններ մատուցող ՍՊԸ-ներից մեկին, 2013-2014 թվականների ընթացքում, համայնքապետարանից 380.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր կնոջը՝ Վ.Շ-ին իրավաբանական ծառայություններ մատուցելու համար և այդ կերպ վատնել համայնքի բյուջեից ելքագրված գումարները», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Նույն եղանակով, ըստ նույն աղբյուրի, իբր համայնքին գույք և սարքավորումներ վարձակալությամբ տրամադրելու պատրվակով, 2015 թվականի հոկտեմբերի 30-ին համայնքի բյուջեից ելքագրել է 300 հազար դրամ գումար և յուրացրել այն և այլն:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և պաշտոնեական կեղծիք կատարելու հիշատակված դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG