Մատչելիության հղումներ

Իրանի հետ միջուկային հարցով քննարկումները կշարունակվեն մայիսի 7-ին


Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակները քննարկում են միջուկային համաձայնությունը վերականգնելու հնարավորությունը, «Գրանդ Հոթել» հյուրանոց, Վիեննա, 1 մայիսի, 2021թ.
Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակները քննարկում են միջուկային համաձայնությունը վերականգնելու հնարավորությունը, «Գրանդ Հոթել» հյուրանոց, Վիեննա, 1 մայիսի, 2021թ.

Վիեննայում երեկ ավարտվել է Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնությունը վերականգնելու շուրջ բանակցությունների երրորդ փուլը:

Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի և Իրանի պատվիրակները հայտնել են, որ քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել մայիսի 7-ին:

Առաջին և երկրորդ փուլերում բանագնացները փորձել են մերձեցնել Իրանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները: Բանակցությունների մասնակիցներն իրարամերժ տեսակետներ են հայտնում: Եվրոպական «եռյակը»՝ Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան, նկատել են տալիս, թե «բանակցությունները շատ դանդաղ են ընթանում»:

«Ունենք շատ աշխատանք և քիչ ժամանակ, երանի մի քիչ ավելի արագ գնայինք առաջ»,- ասել է եվրոպացի բանագնացներից մեկը:

Կողմերը ցանկանում են մինչև մայիսի 21-ը հասնել համաձայնության, քանի որ այդ օրը պետք է սպառվի Իրանի միջուկային հիմնարկներում ՄԱԿ-ի դիտորդների տեսչական այցերի արտոնագրի ժամկետը:

Այս քննարկումներում կողմերը փորձում են ստեղծել ճանապարհային քարտեզ, որով Վաշինգտոնը կսկսի մեղմել Թեհրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցներն, իսկ Թեհրանն էլ կվերադառնա միջուկային ակտիվության ու, մասնավորապես, ուրանի հարստացման սահմանափակումներին:

Իրանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին վերստին պնդել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգներից ակնկալում է նավթարդյունաբերության, բանկերի, ինչպես նաև ֆիզիկական անձանց և կազմակերպոությունների վերաբերյալ հայտարարված սանկցիաների չեղարկում:

«Ունենք տարաձայնություններ, ընդ որում լուրջ տարաձայնություններ, բայց քանի որ կա նաև որոշակի առաջընթաց, մենք հաջորդ շաբաթ կշարունակենք քննարկումները»,- ասել է Արաքչին և ավելացրել.- «Եթե պայմանները բավարարվեն՝ կլինի համաձայնություն, եթե ոչ՝ բնականաբար, չի լինի համաձայնություն»:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալլիվանն ավելի վաղ ասել է, որ «Իրանի միջուկային ծրագրի հարցով քննարկումներում դեռ անորոշ վիճակ է»:

Նախագահ Ջո Բայդենն ասել է, թե ցանկանում է, որ պայմանագիրն ինչ-որ ձևաչափով վերականգնվի: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել այդ պայմանագրից և վերականգնել է պատժամիջոցները:

2015 թվականի պայմանագրով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, ինչին ի պատասխան միջազգային համայնքը պետք է աստիճանաբար թուլացնի Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

XS
SM
MD
LG