Մատչելիության հղումներ

Ղրղզստանը կվերականգնի Տաջիկստանի հետ սահմանային միջադեպի հետևանքով ավերված շենքերը


Տաջիկստանի և Ղրղզստանի վարչապետեր Կոխիր Ռասուլզոդան և Ուլուկբերկ Մարիպովը, Կազան, 30 ապրիլի, 2021թ.

Ղրղզստանի կառավարությունը խոստացել է վերականգնել Տաջիկստանի հետ սահմանային զինված միջադեպի հետևանքով ավերված շենքերը:

«Պետությունը զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ օգնություն կտրամադրի, ֆինանսական և այլ ռեսուրսներ կփոխանցվեն ավերված բնակելի տները և սոցիալական ու տնտեսական նշանակության շենքերը վերականգնելու համար»,- ասել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը:

Վերջին տվյալներով, «Գոլովնոյ» ջրամբարի շուրջ ծագած ղրղզ-տաջիկական արյունալի ընդհարման հետևանքով ղրղզական կողմից սպանվել է 34, և վնասվածք է ստացել 178 մարդ: Մայիսի 1-ը և 2-ը Ղրղզստանում հայտարարվել են համազգային սգո օրեր:

Ընդհարման հետևանքով Ղրղզստանի Բատկենի և Լեյլեկի շրջաններում ավերվել է 78 շենք, 10 բենզալցակայան, 8 խանութ, 3 սահմանային ուղեկալ, 2 դպրոց, 1 բուժհիմնարկ, 1 մանկապարտեզ և ոստիկանության 1 բաժանմունք:

Տաջիկստանի կողմից սպանվել է առնվազն 8, և վնասվածք է ստացել ավելի քան 90 մարդ: Դուշանբեն պաշտոնական տվյալներ դեռ չի հրապարակել:

Երեկ հանդիպել են Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յատիմովը: Բանակցություններից հետո նրանք հայտնել են, որ երկու երկրները համաձայնեցրել են հրադադարը և հետ են քաշում բանակի ստորաբաժանումները:

Բախման պատճառ հանդիսացող «Գոլովնոյ» ջրամբարը գտնվում է երկու երկրների սահմանի վիճահարույց հատվածում, որի պատկանելությունը համաձայնեցված չէ:

Ընդհարումը սկսվել է այն բանից հետո, երբ Տաջիկստանի սահմանապահները սկսել են անվտանգության տեսախցիկներ տեղադրել ջրամբարի տարածքում, ինչը փորձել են կասեցնել տեղի ղրղզ բնակչները:

XS
SM
MD
LG