Ազատության հրապարակում մեկնարկել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» հերթական հանրահավաքը, որի մի մասը նվիրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջա Բայդենի «ցեղասպանություն» տերմինի օգտագործմանն ու ճանաչմանը: Հանրահավաքի մեկնարկին ի նշան երախտիքի` բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:
«Ապրիլի 24-ին դարձավ իրականություն այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները` ի դեմս այդ երկրի նախագահ պարոն Ջո Բայդենի, ճանաչեց մեր ցեղասպանությունը», - հայտարարում է բևեռը:
Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, ով ևս այս թեմայով մի շարք հայտարարություններ արեց: Նախ և առաջ նա նշեց, որ Բայդենի հայտարարությունից հետո Հայաստանը փրկվել է, պարզապես պետք է ընդունել այդ իրողությունը. «2021 թվականի ապրիլի 24-ից հետո մենք այլևս ապրում ենք լրիվ այլ աշխարհաքաղաքական իրողության մեջ, ովքեր դեռ չեն հասկացել այդ պարզ ճշմարտությունը, շատ շուտով կհասկանան, կյանքը կստիպի: ԱՄՆ-ի դերը հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում եղել է խիստ որոշիչ և դրական»:
Խզմալյանը պատմությունից մի քանի դրվագներ ներկայացրեց` պատմելով, թե մեկ դար, միգուցե ավելի շուտ ինչպես են Հայաստանում զարգացող իրադարձություններին արձագանքել Ռուսաստանի և Ամերիկայի իշխանությունները. «Այս ճանաչումը ժխտում է Պուտինի կեղծ և ստոր միտքը, իբրև դե դա ԱՄՆ-ի ներքին գործն է: Եղեռնը, ցանկացած ցեղասպանություն հանցագործություն է մարդկության ու մարդկայնության հետ, ուստի ի սկզբանե այն չի կարող լինել որևէ երկրի ներքին գործը, դա թուրքական տեսակետն է, որոնք թուրքերն են դարեր շարունակ պնդում, որ դա մեր ներքին գործն էր, մի խառնվեք: Ոչ, մարդկային քաղաքակրությունը չունի սահմաններ, և մեր առջև այսօր դրված է քաղաքական ուղղություն. Արևմուտքը քաղաքակրթություն է: Այդ քաղաքակրությունն իր ձեռքն է մեկնում մեզ»:
Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուգասզյանի խոսքով` աշխարհի ամենահզոր երկրի նախագահը ոչ միայն ճանաչել է ցեղասպանությունը, այլև այն քաղաքական պայմաններում, երբ որ ինչպես ինքը նշեց, Սյունիքն է վտանգված, «հայտարարեց, որ ԱՄՆ-ն հանձնառություն է վերցնում կանխարգելելու հայ ժողովրդի նկատմամբ նման վայրագության կրկնությունը»: Նա նաև կարևորեց պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգն Ալիևն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազրույցը Պուտինի հետ. «Այս երկու իրադարձությունները չափազանց կարևոր են, որովհետև սրանով վերսկսվում են Մինսկի խմբի աշխատանքները, և Մինսկի խմբում պետք է քննվի Արցախի կարգավիճակի և գերիների հարցը», - ասաց նա:
Ցույցին հաջորդեց երթը: