Մատչելիության հղումներ

Հայաստանում քովիդի դեմ պատվաստվածների թիվը չի հասնում անգամ 0,1 տոկոսի


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվում է AstraZeneca-ով, 28-ը ապրիլի, 2021թ.

Որևէ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը վկայում է այդ երկրի քաղաքակրթական մակարդակի մասին, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ Հայաստանում պատվաստված մարդկանց ցուցանիշը խայտառակ ցածր է։

«Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական, այնպես որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության անդամներին վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց պատվաստումները սկսել հենց գործադիրի դահլիճում ներկա պաշտոնյաներից Անահիտ Ավանեսյանի և Տիգրան Ավինյանի օրինակով, որոնք երեկ պատվաստվել են AstraZeneca-ով։ Արդյոք Փաշինյանը պատվաստվել է, թե ոչ, հայտնի չէ։

«Եկեք պայմանավորվենք, որ մի շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն: Մենք այսօր ունենք հետևյալ պատվաստանյութերը՝ AstraZeneca, Sputnik V, և մենք առաջիկայում պատրաստվում ենք ստանալ Չինաստանից», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Կառավարության նիստից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասաց, որ երեկ պատվաստվելուց հետո այսօր իրեն լավ է զգում, Փաշինյանն իր հերթին վստահեցրեց՝ կառավարության պատվաստված անդամները ողջ-առողջ այստեղ նստած են։

«Նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ինչի՞ եմ ասում, որովհետև շատ մեծ լրատվական շահարկումներ կան այս առումով և կարևոր եմ համարում, որ մենք մեր պոտենցիալն ամբողջությամբ օգտագործենք: Ուզում եմ ասել, որ ամենևին զարմանալի չէ այդ արշավը Հայաստանում, որովհետև պատվաստումների դեմ, ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում շարժումներ են սկսել, որոնք չգիտես, թե ինչ նպատակ ունեն», - ասաց Փաշինյանը:

Չնայած կորոնավիրուսից ամենաօրյա մահերի մեծ թվին, Հայաստանի բնակչության 0,1 տոկոսն անգամ առայժմ չի պատվաստվել, այն պարագայում, երբ աշխարհի զարգացած երկրներից մեծ մասում միլիոնավոր մարդիկ արդեն պատվաստվել են. ԱՄՆ-ում բնակչության մոտ 40 տոկոսը, Մեծ Բրիտանիայում մոտ 50, Իսրայելում մոտ 58, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակչության մոտ 48 տոկոսը ստացել են պատվաստման առնվազն մեկ չափաբաժին։

«Իսրայելը և Մեծ Բրիտանիան, ովքեր որ մոտ 50 տոկոսից ավելի արդեն պատվաստման ցուցանիշ ունեն, նրանց մոտ քովիդով հիվանդացությունը կտրուկ իջել է: Այսինքն հստակ կապը պատվաստման լավ ցուցանիշների և հիվանդության հաղթահարման արդեն տեսնում ենք», - նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Հայաստանում քովիդից մահացած մարդկանց թիվը հատել է 4000-ի սահմանը, հիշեցրեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ մեծաթիվ պատվաստումների պարագայում հնարավոր կլինի փրկել տասնյակ կյանքեր. «Այն միակ միջոցն է, որը օգնելու է վերջ դնելու այս մահերի աղետալի ընթացին և հաջորդական ալիքներին զսպելու և թույլ տալու, որպեսզի մենք ի վերջո այս թեման փակված համարենք: Հաջորդ շաբաթվանից մենք կունենանք նաև շարժական թիմներ, որոնք քաղաքի բավական բանուկ մասերում տեղակայված կլինեն և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին»:

Հանրային առողջության սպառնացող վտանգը վերացնելուց բացի պատվաստումները հնարավորություն կտան նաև վերականգնել տնտեսության մի քանի կարևոր ճյուղեր, այդ թվում՝ զբոսաշրջությունը, նշում էին կառավարության անդամները, ընդ որում՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ վերլուծելով արդեն եղած միտումները, կարելի է ենթադրել, որ աշխարհի շատ երկրներ առաջիկայում կհայտարարեն, որ իրենց դռները բացում են միայն պատվաստված այցելուների առջև։

Չնայած կառավարության անդամների՝ պատվաստվելու մասին հորդորներին, Երևանի պոլիկլինիկաների դռները թակում են շատ քիչ մարդիկ։ Զեյթունում գտնվող համար 16 պոլիկլինկան սպասարկում է 16 հազար մեծահասկաների, նրանցից մինչ օրս պատվաստվել է 12-ը, հայտնում է տնօրեն Գոհար Պետրոսյանը։

«Բուժանձնակազմի կողմից ընթանում են բավականին ակտիվ իրազեկման աշխատանքներ, այդ թվում՝ հեռախոսազանգերի միջոցով, զանգահարում ենք, տեղեկացնում ենք, իրազեկում ենք, որպեսզի մեր քաղաքացիները գան, պատվաստվեն: Որոշ քաղաքացիներ դեռևս տարակուսում են, ասում են՝ կմտածենք, կմոտենանք», - նշեց պոլիկլինիկայի տնօրենը:

Մինչ այդ չկիրառված դեղատուփերը խնամքով պահվում են սառնարաններում։

Իմունականխարգելման կաբինետի բժիշկ Կարինե Լուլախյանը նկատել է՝ իրենց այցելուների շրջանում վստահությունը ավելի մեծ է Sputnik-ի նկատմամբ, բայց ռուսական դեղամիջոցով ևս պատվաստվողները շատ չեն. «Վաղը չէ, բայց երկուշաբթի օրվա համար արդեն ունենք 9 հոգու հերթագրում և պատրաստվում ենք AstraZeneca-ի հերթական ֆլակոնը բացել, որը 10 դոզայանոց է: Աշխատում ենք հավաքագրել, որպեսզի դեղորայքի կորուստը շատ չլինի, որովհետև ափսոս է, ահագին թանկ արժե»:

16 պոլիկլինիկան ևս կորուստ է ունեցել քովիդից, մահացել է մանկաբույժներից մեկը, մյուս բժիշկները առաջիկա օրերին որոշել են պատվաստվել։

XS
SM
MD
LG