Մատչելիության հղումներ

Պետք էր ավելի շուտ խոսել պատվաստումների արդյունավետության մասին․ հանրային առողջության մասնագետ


Հայաստանում շուրջ 400 քաղաքացի է պատվաստվել քովիդի դեմ, թե նրանցից քանի՞սն է նախընտրել բրիտանաշվեդական AstraZeneca-ն և քանիսը՝ ռուսական Sputnik V-ն, Առողջապահության նախարարությունից չհայտնեցին:

Նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս հայտարարել էր, որ նախատեսել են մեկ տարվա ընթացքում մինչև 700 հազար քաղաքացու պատվաստել։ Իսկ որպեսզի երկիրը խոսի կայուն իմունիտետ ունենալու մասին, մասնագետների խոսքով, հարկավոր է պատվաստել բնակչության 70-ից ավելին։

Թիվ 12 պոլիկլինիկայում պատվաստման ենթակա թիրախային խմբի շուրջ 3000 քաղաքացի կա գրանցված, մինչև այսօր AstraZeneca-ով պատվաստվել են 22-ը: Պոլիկլինիկայի տնօրենն ասաց՝ հրաժարվողները տարբեր պատճառներ են բերում, ասում են՝ «լսել ենք, որ պատվաստանյութը բացասական հետևանքներ ունի և այլն»: Բայց նրա խոսքով՝ մինչ այս պահը պատվաստվածների մոտ բացասական որևէ հետևանք չի արձանագրվել:

Sputnik V-ով պատվաստումներն, ի դեպ, Հայաստանում մեկնարկել են 3 օր առաջ, իսկ այս պոլիկլինիկայում՝ այսօր։ Մեր նկարահանման պահին 4 քաղաքացի պատվաստեց ռուսական արտադրության պատվաստանյութով՝ նրանց թվում էին նաև պոլիկլինիկայի բուժաշխատողները:

«Գտնում եմ, որ բոլոր բուժաշխատողները պարտադիր պետք է պատվաստվեն, որովհետև կորոնավիրուսը բավականին վտանգավոր հիվանդություն է, մարդիկ պետք է բավականին լուրջ վերաբերվեն այդ վիրուսին: Շատերն անլուրջ են վերաբերվում, դրա համար այսքան քանակությամբ մահացություն ունենք», - նշեց պոլիկինիկայի տնօրենը:

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ AstraZeneca-ով կպատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները։ Իսկ քանի, որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, դրանով էլ կպատվաստվեն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։

Թիվ 12 պոլիկինիկայում մեր նկարահանման պահին մի քաղաքացի պատվաստվեց AstraZeneca-ով, ասաց՝ թեև այս պատվաստանյութի վերաբերյալ տարածված հակասական լուրերն իրեն էլ էին ստիպել երկմտել, այդուհանդերձ որոշել է պատվաստվել քովիդից:

«Ճիշտն ասած բուժքույրս զանգեց հարցրեց, ես սկզբում ասացի՝ կմտածեմ, բայց հետո որոշեցի, որ գամ ու պատվաստվեմ, ինչ կա որ. տրանսպորտ եմ նստում, կողքիս լինում են մարդիկ, որ նույնիսկ դիմակ էլ չեն դնում», - ասաց քաղաքացին:

Պատվաստման եկած քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ թեև ինքը ցանկանում էր AstraZeneca-ով պատվաստվել, բայց տարիքային խմբի անհամապատասխանության պատճառով պատվաստվեց Sputnik V-ով։

«200 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել աշխարհում AstraZeneca-ով, եթե Sputnik V-ով, որը Ռուսաստանում ինչքան գիտեմ դեռ 3 միլիոն մարդ է պատվաստվել, եթե էդքան մարդ պատվաստվի Sputnik V-ով, չենք կարող ասել՝ ինչ հետևանքներ կարող է լինել: Այդ 200 միլիոնի մեջ ընդամենը 20 հոգի է ինչ-որ բարդություններ ունեցել, դրա համար ավելի վստահում եմ AstraZeneca-ին», - նշեց նա:

Հանրային առողջության մասնագետ, ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյան «Ազատության» հետ զրույցում ասաց, որ համալսարանական երկու պոլիկլինիկաներին տրամադրված AstraZeneca-ի 15 տոկոսն արդեն սպառվել է։

Մելիք-Նուբարյանը հիշեցրեց՝ տարիներ առաջ Հայաստանում գրեթե տապալվեց արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ծրագիրը։ Ըստ նրա՝ պատվաստումների դեմ հակաքարոզ անողները հաղթեցին այդ պայմանական պատերազմում։ Պատճառն ըստ նրա՝ համապատասխան մարմինների կողմից առհասարակ մարդկանց ճիշտ ու ժամանակին տեղեկացնելու և բացատրելու թերացումն է:

«Պատվաստանյութերը շուկայում հայտնվեցին դեկտեմբերի վերջ, հունվարի սկիզբ ուղղակի միգուցե ֆիզիկապես ժամանակ չունեցան պատշաճ պատրաստվել: Բայց մյուս կողմից էլ՝ ունենալով նախկին փորձը, երևի պետք էր ավելի շուտ սկսել խոսել պատվաստումների ընդհանուր առմամբ արդյունավետության մասին, որովհետև մեր մոտ բացի նրանից, որ մարդիկ սպեցիֆիկ պատվաստանյութերի նկատմամբ ունեն ոչ այդքան հիմնավորված նախատրամադրվածություն, մենք ընդհանուր առմամբ ունենք պատվաստանյութերի հանդեպ, աշխարհի շատ երկրներում էլ էլի, բացասական վերաբերմունք», - նշեց Մելիք-Նուբարյանը:

Ըստ միջազգային պարբերականների ամենօրյա գրաֆիկով թարմացվող տվյալների՝ աշխարհում ամենաշատը AstraZeneca-ով են պատվաստվում, երկրորդ տեղում Pfizer է, հետո «Մոդերնա»-ն և այլն։

Հայաստանում շարունակում են աճել քովիդի թվերը, այսօր վիրուսից 25 մարդ է մահացել, ևս 5 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունից, թեև նրանք վարակված են եղել քովիդով։ Նոր դեպքերի թիվն էլ այսօր աճել է 1033 -ով։ COVID-19-ից այս պահին 15 հազար 316 մարդ է բուժվում։

Թոքերի արհեստական ապարատի օգնությամբ 82 մարդ է շնչում, 269 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 964-ը՝ ծանր։ վերակենդանացման բաժանմունքներում էլ ընդամենը 2 տեղ կա։ Ի դեպ՝ երեկ քովիդից երիտասարդ հղի կին է մահացել, Առողջապահության նախարարությունից ասացին, որ կինը հոսպիտալացված է եղել, այլ մանրամասներ չհայտնեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG