Մատչելիության հղումներ

«Դիտարկումները ցույց են տալիս, որ կարող ենք ունենալ ավելի վատ իրավիճակ, քան ունենք». արձագանքներ Freedom House զեկույցին


Դեռևս պատերազմից առաջ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ցույց էին տալիս, որ այն խոստումները, որոնք տվել էին երիտասարդ իշխանավորները իշխանության գալու պահին կամ դրանից առաջ, պատրաստ չեն կատարելու, ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ արձագանքելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցին, որի համաձայն դեմոկրատական նվաճումների ասպարեզում Հայաստանն անկում է գրանցել։

«Դատական համակարգը, ըստ էության, մնաց նույնը, մյուս բոլոր համակարգերում էլ ճչացող փոփոխություններ չեղան։ Միջազգային դիտորդները, Freedom House-ն այդ թվում, արձանագրել են այն, ինչ մենք ունենք, մեր իրավիճակը։ Ավելի ցավալի է այն, որ միտումն է բացասական, այսինքն՝ դիտարկումները ցույց են տալիս, որ մենք կարող ենք ունենալ ավելի վատ իրավիճակ, քան այս պահին ունենք», - ասաց Հարությունյանը։

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կառույցի հրապարակած Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում ներքին ճգնաժամ է առաջացրել, որը կարող է վտանգի տակ դնել 2018 թվականի թավշյա հեղափոխության հաջողությունը։ Զեկույցի համաձայն՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրի ժողովրդավարության ցուցանիշն անկում է ապրել։ Անկայունությունը շարունակվում է, ներքին գործընթացները, այդ թվում՝ լարվածությունը բանակի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վկայում են, որ իրավիճակը կարող է վատթարանալ։

«Ըստ էության միջազգային կառույցներն արձանագրել են այն, ինչ մենք տեսել ենք, ինչի մասին մենք խոսում ենք արդեն 1,5 տարուց ավելի ժամանակահատված», - ընդգծեց իրավապաշտպանը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև քաղաքացիական հասարակության դերին, թե ինչպես էին գործում, օրինակ, պատերազմի ընթացքում, ինչպես էին օգնում տեղահանված ընտանիքներին. դեղորայքով, հագուստով, սնունդով, բնակարաններով ապահովում։ Զեկույցի հեղինակները, սակայն, ընդգծում են՝ ի վերջո քաղհասարակությունը չի կարող կատարել ողջ աշխատանքը, որը պետք է անեն թե՛ համապատասխան ինստիտուտները, թե՛ առավել ևս պետությունը։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հավելում է՝ քաղհասարակությունը ոչ թե պետք է պետության փոխարինողը լինի, այլ աջակիցը։

«Սա խոսում է այն մասին, որ մեր պետական ինստիտուտները չեն աշխատում։ Այնպիսի լուրջ ինստիտուտներ, ինչպիսին պաշտպանության համակարգն է, առողջապահության համակարգն է, սոցիալական համակարգն է, այդ բոլոր համակարգերը պետք է անեին այն, ինչ անում էին կամավորները, ինչ անում էին խմբեր, խմբավորումներ, որոնք ձևավորվում էին շատ արագ, և որոնց մենք պայմանականորեն անվանում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ», - ասաց Վարդան Հարությունյանը։

Ցանկացած անկում մտահոգությունների տեղիք է տալիս, ասում է իշխող «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, շարունակելով՝ պետք է հասկանալ, թե ինչ հանգամանքներում է սա տեղի ունեցել։

«Ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր որևէ գործողություն տեղի չի ունենում, որը կվտանգի դեմոկրատիան, ժողովրդավարությունը, այլ ընդհակառակը՝ մենք մեր գործողություններով ամեն ինչ անում ենք, որպեսզի պաշտպանենք ժողովրդավարությունը։ Մենք բերում ենք կարգավորող դրույթներ, որոնք, ցավոք, նաև ներհայաստանյան փորձագետների կողմից բնորոշվում է որպես սահմանափակող։ Ես դրանք բնավ սահմանափակող չեմ համարում», - նշեց Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG