Մատչելիության հղումներ

Դեմոկրատիայի առաջին նահանջը թավշյա հեղափոխությունից հետո


Հայաստան - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթ է առաջնորդում Երևանում՝ մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, 25-ը փետրվարի, 2021թ.

Հայաստանն անցյալ տարի ցավոտ նահանջ է արձանագրել դեմոկրատական նվաճումների ասպարեզում:

Freedom House իրավապաշտպան կառույցը հրապարակել է Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանն անկում է գրանցել:

Այն առավել տհաճ է՝ հաշվի առնելով, որ Freedom House-ի նախորդ զեկույցում Հայաստանը ներկայացվել է որպես աննախադեպ առաջխաղացում ապահոված երկիր:

Ահա առանցքային նշանակության ուղղությունները՝ ազգային դեմոկրատական կառավարում, ընտրությունների անցկացում, քաղաքացիական հասարակության ամրապնդում, անկախ մամուլի զարգացում և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետություն՝ այդ բոլոր ոլորտների առումով Հայաստանի հասցեին գովասանք էր հնչել:

Բացառությունը միայն դատական համակարգն էր, որն, ըստ վերլուծաբանների, անկախ չէ, և նախորդ զեկույցը կազմած հեղինակները Հայաստանի պարագայում դատական համակարգի բարեփոխումն էին համարել օրակարգի հրատապ խնդիր:

Եվ այնուամենայնիվ, նախորդ զեկույցը լուրջ լավատեսություն էր հաղորդում: Ահա երկու մեջբերում զեկույցից, ըստ որի՝ 2018-20 թվականների ժամանակաշրջանում Հայաստանը ժողովրդավարության հաստատման տեսակետից 30 պետությունների շարքում ամենալավ արդյունքն է ապահովել՝ «լուրջ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում և ընտրությունների ասպարեզում», «ամենաբարձր ցուցիչն Անցումային շրջանի երկրների զեկույցների թողարկման պատմության ընթացքում»:

Իսկ ահա նոր զեկույցում ասվում է, որ դեպի հիբրիդային անցումային իշխանակարգ տանող ճանապարհն ընտրած Հայաստանը 2020-ին զիջել է դիրքերը:

«Փաստորեն առաջին անգամ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո դեմոկրատական բարեփոխումների ընթացքը Հայաստանում նահանջել է», - նշում են Freedom House-ի վերլուծաբանները:

Պետությունները տարբեր անվանակարգերում գրանցած արդյունքների համադրմամբ կազմվող ցուցիչով են դասվում 5 խմբերի՝ կոնսոլիդացված դեմոկրատիաներ (5.01-ից 7 միավոր), կիսակոնսոլիդացված դեմոկրատիաներ (4.01-ից 5 միավոր), հիբրիդային կամ անցումային ռեժիմներ (3.01-ից 4 միավոր), կիսակոնսոլիդացված ռեժիմներ (2.01-ից 3 միավոր) և կոնսոլիդացված ավտորիտար (ինքնակալ) ռեժիմներ (1-ից 2 միավոր)։

Եվրասիայում իշխանակարգի ամենատարածված տեսակը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանում կիսակոնսոլիդացված ավտորիտար իշխանակարգ է, Հայաստանն այդ կատեգորիայում միակ երկիրն է: Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հիբրիդային անցումային իշխանակարգ է, դեմոկրատիաներ Եվրասիայում չկան:

Նոր զեկույցում ներառված են Եվրոպայի և Եվրասիայի 29 պետություններ: Դրանցից 10-ը համարվել են դեմոկրատական, 10-ը՝ հիբրիդային, և 9-ը՝ ավտորիտար:

Կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների թվում են հարևան Ադրբեջանը, Ռուսաստանը և ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի բոլոր բախտակիցներն ու դաշնակիցները:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում հրահրել է ներքին ճգնաժամ, որը կարող է վտանգի տակ դնել 2018 թվականի թավշյա հեղափոխության նվաճումները, անկայունությունը շարունակվում է, ներքին գործընթացները վկայում են, որ իրավիճակի վատթարացում չի բացառվում:

Ըստ Freedom House-ի Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցի, մտահոգիչ գործընթացներ են ամբողջ Եվրոպայում և Եվրասիայում, որտեղ «ընտրված առաջնորդները խարխլում են հենց այն ինստիտուտները, որոնց միջոցով հասել են իշխանության, իսկ հարձակումները դեմոկրատիայի վրա արագացնում են Եվրոպայում և Եվրասիայում ավտորիտարիզմի (ինքնակալության) տարածումը»:

XS
SM
MD
LG