«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Զառա Բաբայանի «Կրկին ծնվածները» խորագրով գիրքը, որի հայերեն թարգմանության շնորհանդեսը կայացավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի շրջանակներում:
Ամեն տարի այս օրերին Մեծ եղեռնին նվիրված մի շարք գրքեր են հրատարակվում՝ հուշագրություններ, գիտական աշխատություններ և գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց մեջ այս նոր հրատարակված վեպն աչքի է ընկնում իր յուրօրինակ առանձնահատկություններով:
«Զառա Բաբայանի վեպում ինչն էր յուրահատուկ, որ խնդիրն ավելի շատ դրված էր նախևառաջ պատումի ոճի մեջ, ու այստեղ մի հետաքրքիր բան էր որդեգրել՝ երկճյուղ պատում: Առաջին պատումը ասացողի ոճով էր, էպոսային, երկրորդ պատումը աստվածաշնչական, կտակարանային, ավետարանական ոճով էր, և ելակետն իր չափազանց քրիստոնեական էր, և այն ապրելու, վերընջյուղվելու հաստատակամությունը, որ ունեին Զառա Բաբայանի հերոսները, ամբողջովին մեր էպոսի ոգով էր: Սա բերում էր որոշակիորեն նոր հայեցակետ այս ընտրված թեմային: Կարծում եմ, որ վերջին տարիներին ամենաստացված գործերից մեկն է Եղեռնի թեմայով, որովհետև այն լաց ու կոծը, պահանջատիրությունը, որը երբեմն անհարկի չափերի է հասնում, դա չկար: Ավելի շատ կային արարելու, կյանքն, այնուամենայնիվ, շարունակելու և ուժեղ պետություն, ուժեղ ժողովուրդ ունենալու խնդրադրություններ», - ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
Զառա Բաբայանի «Կրկին ծնվածները» խորագրով գիրքը ռուսերենից թարգմանել է բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը: Նրա համոզմամբ՝ բացի սյուժետային պատումից գիրքն անչափ ուշագրավ և հետաքրքիր է նաև իր լեզվաոճական մտածողությամբ:
«Շատ մինիմալիստական էր ու էդ առումով մի կողմից ինձ շատ սիրելի էր դա, բայց մյուս կողմից էլ բավական դժվարացնում էր թարգմանչի աշխատանքը, որովհետև դու խաղալու տեղ չունես: Այդ առումով բարդ էր ու նաև շատ լավ էր», - նշեց Աթաբեկյանը:
Մասնագիտությամբ հոգեբան Զառա Բաբայանն էլ շեշտում է, որ փորձել է իր այս նոր ստեղծագործությամբ նորովի մոտենալ Հայոց ցեղասպանության թեմային. «Ես տանջվում էի ցեղասպանության հետ կապված խնդիրով, և մտածում էի՝ ինչո՞ւ է դա անընդհատ տեղի ունենում, կրկնվում: Փորձել եմ ցույց տալ, որ մենք պետք է աշխատենք ինքներս մեր վրա, ճանաչենք ինքներս մեզ, գիտակցենք մեզ և փոխենք մեզ, այդ ժամանակ նաև մեր ճակատագիրը, մեր կյանքը [կփոխվի], որովհետև դա կապված է մեր ներքինի հետ»: