Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձեր կանխելու մասին:
Համաձայն հաղորդագրության՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տվյալներ է ստացել, որ Երևանում և տարբեր մարզերում գրանցված 7 տնտեսվարող սուբյեկտներ հարկային մարմին են ներկայացրել «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտ և օգտագործման մասին հաշվետվություն, համաձայն որի՝ տնտեսվարողները պահանջել էին ընդհանուր առմամբ սպիրտային խմիչքների 624 հազար 300 հատ, խաղողի գինու 20 հազար հատ, իսկ թրմերի և այլ ըմպելիքների համար` 8 հազար ակցիզային դրոշմանիշեր:
Պարզվել է, որ ակցիզային դրոշմանիշներ պահանջող անձինք չունեն խաղողի, օղու, մրգային օղու հումքի մթերման և ձեռքբերման փաստաթղթեր, ինչպես նաև օղու արտադրության ու շշալցման համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ, տարաներ, ինչպես նաև համապատասխան ոլորտի և մասնագիտության աշխատակիցներ: Պարզվել է նաև, որ նշված գործունեությունը կազմակերպող իրական շահառուները, որպես կանոն ներգրավվում են սոցիալապես անապահով անձանց, վերջիներիս անվամբ գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր:
Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ տնտեսվարողներն ինքնակամ հարկային մարմին են ներկայացրել դիմումներ՝ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Հարուցվել են նաև նմանատիպ քրեական գործեր: