Մատչելիության հղումներ

Կիպրոսի պաշտպանության նախարար. Թուրքիայի սադրանքները ստանում են գլոբալ բնույթ


Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Երևան, ապրիլի 25, 2021թ.

Թուրքիայի սադրանքներն այլևս կրում են ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ բնույթ, այսօր Երևանում «Ազատության» հետ զրույցի ժամանակ հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը։

Օտարերկրյա բարձրաստիճան այլ պաշտոնյայների հետ Պետրիդեսը ժամանել է Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կիպրոսի պաշտպանության նախարարը իր խոսքը սկսեց կարևորելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը. «Շատ կարևոր որոշում էր, որ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Կիպրոսը եվրոպական առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որն այնուհետև սկսեց կրել համաշխարհային բնույթ։ Անշուշտ, Հայաստանի հետ միասին դիմակայում ենք Թուրքիայից բխող ընդհանուր մարտահրավերներին։ Կարծում եմ` Թուրքիայի հրահրած սադրանքները այլևս կենտրոնացած չեն միայն Մերձավոր Արևելքում ու Միջերկրական ծովի արևելյան մասում և ձեռք են բերում գլոբալ բնույթ։

Սա մի բան է, որը պետք է մտահոգի բոլորին, և պետք է քայլեր ձեռնարկել այս առումով։ Ինձ համար պատիվ է առաջին անգամ լինել Հայաստանում՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Այստեղ եմ՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Կիպրոսն ու Հայաստանը ամուր կապեր ունեն, նոր ուղիներ ենք փնտրում` ամրապնդելու մեր երկկողմ, եռակողմ համագործակցությունը։ Ընդհանուր մարտահրավերի ենք դիմակայում, և մենք այստեղ ենք՝ աջակցելու միմյանց»։

Կիպրոսի պաշտպանության նախարարի խոսքով` Թուրքիան փորձում է աստիճանաբար իրագործել «սադրանքներով լի իր ռազմավարությունը». «Մյուս շաբաթ Կիպրոսում պատրաստվում ենք Թուրքիայի հետ նոր բանակցությունների։ Հույս ունենք, որ Թուրքիան ականջալուր կլինի միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։ Դժբախտաբար, նրանք առաջարկում են Կիպրոսում կիրառել «երկու-պետություն» լուծումը, ինչը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։ Թուրքիան նաև սադրանքների է դիմում՝ ապօրինի գործունեություն ծավալելով Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում։

Նախորդ երկու տարիներին Կիպրոսում բազմաթիվ սադրանքների է դիմել։ Կոչ ենք անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Տարածաշրջանում կայունության պահպանման համար Կիպրոսի նշանակությունը անկյունաքարային է։ Ցանկանում ենք ունենալ բարգավաճ տարածաշրջան՝ պահպանելով միջազգային իրավունքը և համագործակցելով Եվրամիության անդամ և միությունից դուրս գտնվող երկրների հետ։ Սա է մեր հիմնական նպատակը»։

Խարալամբոս Պետրիդիսի խոսքով` Երևանում է` խորացնելու պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունները. «Մենք հաստատել ենք երկկողմ հարաբերություններ։ Երկու կողմի համար էլ ուսանելի է դիմացինի փորձը։ Կարծում եմ` առաջիկա ամիսներին համագործակցությունը կխորանա։ Ե՛վ ռազմա-տեխնիկական, և՛ դիվանագիտական հարթություններում կարող ենք աշխատանք տանել։ Ռազմա-տեխնիկական համագործակցության համաձայնագիր ունենք, որը կյանքի ենք կոչելու, և առաջիկայում կտեսնեք դրա արդյունքները»։

Պետրիդիսին Երևանում ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։

XS
SM
MD
LG