Մատչելիության հղումներ

Ավինյան. Պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որպեսզի իրականություն դառնա ամեն ընտանիքում առնվազն 3 երեխա ունենալու նպատակը


Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:

Ավինյանի Գրասենյակը տեղեկացնում է՝ փոխվարչապետը նշել է, որ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակը և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խաթարող ազդեցություն են ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական անվտանգության միջավայրի, ինչպես նաև հետագա կայուն զարգացման հնարավորությունների վրա: Հետևաբար, ներկայումս առավել առաջնահերթ են դարձել ծնելիության բարձրացման, կյանքի տևողության երկարացման և ամուսնությունների թվի ավելացման հարցերը:

Ըստ նրա՝ ժողովրդագրական վիճակի բարելավման քաղաքականության հարցում կառավարությունը պետք է լինի հավակնոտ՝ ստեղծելով խթանիչ մեխանիզմներ, որպեսզի իրականություն դառնա ամեն հայ ընտանիքում առնվազն 3 երեխա ունենալու նվազագույն նպատակը:

Տիգրան Ավինյանը հայտնել է, որ 2019-ին Խորհրդի ստեղծման օրվանից միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում կառավարությունը պարբերաբար անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին և միջազգային լավագույն փորձին: Դրա արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել մի քանի ծրագրային փաթեթներ՝ միտված ծնելիության խրախուսմանը, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը և բնակարանային ապահովությանը: Այդ համատեքստում նա առանձնացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի բարձրացումը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար աշխատող մայրերին վճարվող ամսական նպաստի չափի ավելացումը, գյուղական բնակավայրերում երեխայի ծնվելու դեպքում ընտանիքներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացումը, ինչպես նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերի» հաստատումը՝ 3 կոմպոնենտներով՝ «Միանվագ դրամական աջակցություն», «Կանխավճարի ապահովագրություն» և «Երեխայի ծննդյան աջակցություն»:

Փոխվարչապետը նաև նշել է, որ անհրաժեշտ է բարեփոխումներին շարունակական բնույթ հաղորդել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG