Հայաստանում ատելության խոսքն ահագնացել է, ինչը «բովանդակային քննարկման բացակայության մասին է խոսում», ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քաղաքական տարբեր բևեռներից հնչող ատելության խոսքին՝ հայհոյանքներին ու վիրավորանքներին:
«Շատ ավելի դյուրին է լինում հասարակությունը բաժանել խմբերի և ատելության խոսքով ստեղծել պատրանք, որ գոյություն ունի ինչ-որ շարժում, ինչ-որ պրոցես, քան խոսել, բանակցել, զրուցել կամ առաջադրել որոշակի խնդիրներ, որոշակի հասարակության համար կարևորագույն հարցեր և դրանց շուրջ ստեղծել բովանդակային քննարկումներ», - կարծում է իրավապաշտպանը:
Պատերազմից հետո տարատեսակ քաղաքական ակցիաներ, միջոցառումներ զուգորդվում են հակադիր քաղաքական բևեռների միջև բախումներով, փոխադարձ վիրավորանքներով, հայհոյանքներով, դեպքեր են եղել, երբ բանն անգամ ֆիզիկական բռնությանն է հասել։ Օրերս էլ Սյունիք կատարած այցի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեին։ Վարչապետի դեմ ցույց կազմակերպածներից ոմանց բերման ենթարկեցին, վերջիններս էլ պնդեցին՝ ոստիկաններն իրենց նսեմացրել են։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ հասարակության ներսում բովանդային քննարկման պակաս վաղուց կա, և այստեղ մեծ պատասխանատվություն ունի գործող իշխանությունունը. «Իրականում այստեղ մեծ պատասխանատվություն ունի իշխող վարչախումբը, թե ինչպես է և ինչ լեզվով է խոսում հասարակության հետ: Նախ այն, որ հասարակության և իշխող խմբի միջև անվստահության մեծ ճգնաժամ կա, դա հստակ է, և այդ անվստահության ճգնաժամը լուծելու մեթոդը ոչ թե հասարակության տարբեր խմբերին պիտակավորելը, թիրախավորելը, անվանարկելը կամ նրանց վերաբերյալ և պատասխանատվության հիմնական բեռը տարբեր այլ խմբերի վրա բաժանելն ու տարածելն է, այլ իշխանության հստակ քայլերը և հստակ դիրքորոշումն այս խնդիրների վերաբերյալ»:
Հովհաննիսյանի պնդմամբ` պատիժներով, տհաճ դրսևորումներին էլ ավելի տհաճ ոստիկանական ճնշումներով հակադարձելով հարցը չի լուծվի. «Այդ ալիքը կարող է շատ մեծ այսպիսի բռնությունների խթան հանդիսանալ, և որը ես չէի ցանկանա, որ լիներ, և էլի եմ ասում` շատ մեծ պատասխանատվություն ունի այստեղ կրելու և այդ պատկերը տեսնելու և հետագայում կանխարգելելու իշխանությունը»:
Մայրաքաղաքի փողոցներում «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիներին ատելության խոսքը նույնպես անհանգստացնում է. «Հայհոյանքները, իհարկե, չի կարելի, մեկը մեկի հանդեպ, ավելի լավ է մարդավարի բացատրել մեկը մեկին»:
«Այստեղ բոլորն էլ միակարծիք են, որ սա ինչ-որ պաշտոնի կռիվ ա, ուրիշ ոչ մի բան», - ասում է մեկ այլ քաղաքացի, մյուսն էլ հավելում է. «Վատ ենք վերաբերվում, ու ցավալի է, որ ետպատերազմական վիճակում մենք մեզ սենց ենք պահում»:
«Ատելության խոսքը սովորաբար ֆիզիկական բռնության է հանգեցնում», - ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Այստեղ շատ կարևոր է, որ քաղաքական էլիտան կարողանա հասկանալ, որ սա այն ուղին չէ, որը կարող է մեզ քաղաքակիրթ ապագա խոստանալ, և քանի որ մանավանդ ետպատերազմյան շրջանում կրքերը շատ լարված են, հենց քաղաքական էլիտան պետք է ամեն ինչ անի, որ այդ կրքերը հանդարտեցնի, մանավանդ եթե հաշվի առնենք գալիք խորհրդարանական ընտրությունները, երբ իսկապես էլ ավելի են թեժանում հարաբերությունները և կրքերը»:
Խոսքի ազատությունն ամենևին էլ սանձարձակություն չի ենթադրում, շեշտում է Մելիքյանը. «Հակառակը` խոսքի ազատությունը գաղափարների, տեսակետների, տեղեկատվության ազատ տարածումն է»:
Վերջին ամիսներին ցույցերի ընթացքում պարբերաբար թիրախավորվում են նաև ակցիաները լուսաբանող լրագրողները։