Մատչելիության հղումներ

Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով իր տեսակետները


Մենք կշարունակենք պաշտպանել ճշմարտությունը զրպարտությունը սատարողների դեմ, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` երկրի բարձր խորհրդատվական մարմնի հետ կայացած հանդիպմանն անդրադառնալով 1915թ. իրադարձություններին:

Սա Էրդողանի առաջին արձագանքն է ամերիկյան հեղինակավոր մամուլի հրապարակումներում տեղ գտած լուրերին, թե նախագահ Ջո Բայդենը հնարավոր է ճանաչի Հայոց ցեղասպանությունը` ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում օգտագործելով Genocide բառը: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ ամերիկյան ամսագրում տպագրված հոդվածում առաջ էր տարել այն գիծը, թե խնդրի լուծման համար Թուրքիան ընդգծում է կառուցողական մոտեցումը և կցանկանար տեսնել, որ իր դաշնակիցները փոխըմբռնման նոր էջ են բացում` ձեռնպահ մնալով քաղաքականացնել պատմական վեճերը:

«Թուրքիան կցանկանար տեսնել, որ երրորդ երկրները, այդ թվում` դաշնակիցները, ներառյալ` Միացյալ Նահանգները կամ օգնեն հասնելու նոր փոխըմբռնման, կամ զգուշանան պատմական հակասությունները քաղաքականցնելու ջանքերից», - RealClearDefense ամսագի համար գրել է Հուլուսի Աքարը` շեշտադրումները դնելով Հայաստանի առաջին հանրապետություն այցելած ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդի զեկույցի վրա։

Նա նշել է, որ 1920 թվականին Հայաստան ժամանած ամերիկյան ռազմական առաքելության ղեկավար Ջեյմս Հարբորդի հեղինակած զելույցը փաստել է, որ հայերը և թուրքերը դարերով խաղաղ ապրել են առանց պաշտոնական սադրանքների` այդ ձևակերպման տակ նկատի ունենալով այն ժամանակվա գերտերությունների միջամտությունը տարածաշրջանի ժողովուրդների հարաբերություններին: Թուրքիայի պաշտպանության նախարարի գնահատմամբ` այդ զեկույցը ներկայացնում էր տարածաշրջանի ժողովուրդների ավելի խաղաղ ապագա:

«Նրանք, ովքեր շահագրգռված են պատմական փաստերի վրա հիմնված մոտեցմամբ, ԱՄՆ-ի արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունում կարող են գտնել գեներալ Հարբորդի զեկույցը», - ասել է Հուլուսի Աքարը` հավելելով, որ գեներալի 1603 էջանոց զեկույցը օբյեկտիվորեն ներկայացրել է Օսմանյան կայսրության և Հայաստանի ռազմական հարաբերությունները:

Ինքը` Թուրքիայի պաշտպանության նախարարը 2005 թվականին Ստամբուլի Բողազիջի համալսարանում դոկտորական թեզը պաշտպանել է հենց այդ թեմայով, այն կոչվում է «Գեներալ Հարբորդի զինվորական առաքելությունը Հայաստան. ամերիկյան մի պատվիրակության պատմությունը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:

Աքարը հիշեցրել է, որ նախագահ Էրդողանը 2005 թվին, երբ դեռ վարչապետ էր, Հայաստանի նախագահին նամակ էր հղել` առաջարկելով պատմաբանների և փորձագետների համատեղ հանձնաժողով ստեղծել: «Հանձնաժողովը պետք է միջազգային հանրությանը ներկայացներ իր աշխատանքի արդյունքները: Խոսքը մանրակրկիտ աշխատանքի մասին էր բոլոր երկրների արխիվներում», - ասել է նա` պնդելով, որ Հայաստանը դեռ հրաժարվում է բացել իր արխիվները Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիների իրադարձություններն ուսումնասիրելու համար: Նա ասել է, թե Հայաստանը չի արձագանքել համատեղ հանձնաժողով ձևավորելու Թուրքիայի կոչերին` միաժամանակ նշելով, որ այդ առաջարկը դեռ մնում է ուժի մեջ:

Հուլուսի Աքարն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի ձեռք բերված հրադադարի համաձայնությունը կարևոր շանս է տարածաշրջանում երկրների հարաբերություններում նոր էջ բացելու համար:

«Թուրքիան առաջիններից մեկն էր, որ դատապարտել է Հայաստանում ռազմական հեղաշրջման անցած փետրվարի փորձը. անվտանգության, կայունության, խաղաղության և զարգացման հնարավորության ապահովումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Եթե Հայաստանի առաջնորդները լսեն Թուրքիայի դիրքորոշումը և խաղադրույքը դնեն խաղաղության վրա, ապա դրանից կշահի ողջ տարածաշրջանը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Օրերս այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կվնասի երկու երկրների հարաբերություններին:

Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունն է հեռավար համաժողով կազմակերպել 2015 թվականի իրադարձությունների թեմայով: Այդ վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունն իր ելույթում կրկնել է Անկարայի դիրքորոշումը, թե հարցը քաղաքականացվում է: Նրա խոսքով` անատոլիական ժողովրդի ընդհանուր ցավերը խեղաթյուրվել են` որպես քաղաքական գործիք օգտագործելու համար: Թուրքիայի պատմաբանների ընկերակցության նախագահ Բիրոլ Չետին իր հերթին ասել է, թե միջազգային որոշ դերակատարներ թաքնվում են քաղաքականության կուլիսներում` փորձելով լոբբիստական աշխատանքների միջոցով տարբեր երկներում մանիպուալացնել խորհրդարանական որոշումներ։ Նա կրկնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Անկարայի կոչը։

XS
SM
MD
LG