Այսօր առավոտյան ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում, զոհվել է երկու մարդ, ևս մեկի վիճակը ծանր է։
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ ժամը 07:58 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։
Փրկարարները տուժած է․ Ե․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր», - ասված է հաղորդագրությունում։