Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ փոխվարչապետն ընդգծել մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դերը հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Խոսելով տնտեսական միջնաժամկետ վերականգնման և զարգացման ծրագրերի մասին՝ փոխվարչապետն ասել է, որ դրանք պետք է խթանեն երկրի մրցունակությունը՝ նորարարական, տեխնոլոգիական և կայուն զարգացման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելով:

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կողմերը անդրադարձել են երեք խոշոր ուղղությունների՝ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին, թվայնացման և նորարարության հարցերին:

Հանրային կառավարման բարեփոխումները դիտելով որպես կառավարության առաջնահերթություն՝ Տիգրան Ավինյանը կարևորել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ սերտ աշխատանքը: Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ նա հայտնել է, որ կառավարությունը պետական ծառայությունների մատուցման միասնական համակարգի ներդրման հարցում էական առաջընթաց ունի: Ռազմավարական պլանավորման, ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության և պետական ինստիտուտներում հիմնարար փոփոխությունների հարցում փոխվարչապետը կարևոր պայման է համարել նորարարությունն ու ստեղծարարությունը:

Համաձայն հաղորդագրության՝ հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցությամբ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերը: Այս համատեքստում փոխվարչապետը առանձնացրել է հանրային տրանսպորտի համակարգի, ճանապարհների բարեկարգման և ավիացիոն անվտանգության ոլորտները:

Անդրադարձ է կատարվել համագործակցությանը Էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում: Կարևորվել է կլիմայի փոփոխության մարտահրավերին արդյունավետ դիմակայելու և առկա ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման համար քաղաքականության մշակումը: Քննարկվել են նաև «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG