Մատչելիության հղումներ

Վարչապետի գնահատմամբ՝ «Ադրբեջանը սադրիչ հայտարարություններով ուզում է ետ կանգնել պայմանավորվածություններից»


Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, այսօր Սյունիքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրի մասին վերջին հայտարարությանը։

Ալիևը հայտարարել է, թե կատարելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե՝ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը, ըստ Ալիևի, կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»: Նա նաև հայտարարել է, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»:

Փաշինյանն արձագանքել է՝ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է վիժեցնել գործընթացն, այսինքն, ըստ էության, ուզում է ետ կանգնել պայմանավորվածություններից՝ սրելով իրավիճակը տարաշարջանում՝ շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը։

«Հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանմագրել ենք և մեկնաբանել ենք, թե ինչ պետք է տեղի ունենա․ պետք է տեղի ունենա տարածաշրջանի կոմունիկացիոն հաղորդակցության ուղիների բացում։ Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ուրեմն, այդ նույն տրամաբանությամբ, Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանն ըստ այդ պայմանավորվածության և գրավոր հրապարակված փաստաթղթերի, կարող է ստանալ միայն այնպիսի միջանցք, ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ Նախիջևանի տարածով։ Իսկ կոմունիկացիաների բացումը լրիվ ուրիշ խնդիր է», - հայտարարել է վարչապետը։

Ընդգծելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար միմյանց հակասող հայտարարություններ է անում՝ Փաշինյանը դրանք սադրիչ է որակել։

«Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանց բացելու մասին», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության և արձագանքի, և պատշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում»։

XS
SM
MD
LG