Մատչելիության հղումներ

Բաքուն ստացել է «Իսկանդեր»-ի վերաբերյալ Մոսկվայի պատասխանը, Ալիևը բավարարված չէ


Ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռը, արխիվ

Ադրբեջանը ստացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատասխանը իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների մասին հարցմանը, սակայն բավարարված չէ դրանում առկա տեղեկատվությամբ: Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը վերստին շեշտել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:

«Ես կարդացել եմ այդ նամակը: [...] Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը չի արձանագրել բալիստիկ հրթիռների արձակում: Իրականում, սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հիմնական հարցն այն էր, թե ինչպես են Հայաստանի մոտ հայտնվել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները», - հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանական կողմը պնդում է, թե Շուշիում հայտնաբերել է ռուսաստանյան արտադրության «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ։ «Իսկանդեր-Մ»-ը մինչև 500 կմ հեռահարություն ունի և արտահանման համար նախատեսված չէ, իսկ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում գտնվող «Իսկանդեր-Է» հրթիռների հեռահարությունը 280 կմ է։

«Կրեմլը չունի տեղեկություններ առ այն, թե որտեղից են գտնվել այդ հրթիռի բեկորները, որոնք, իբրև թե, ադրբեջանական կողմն է հայտնաբերել», - այս ամսվա սկզբին ասել էր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG