Մատչելիության հղումներ

Ալիևը պարզաբանում է պահանջում հայկական կողմի մոտ հայտնված «Իսկանդեր Մ» հրթիռների վերաբերյալ


«Իսկանդեր» տեսակի հրթիռը երևանյան զորահանդեսում, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհալ Ալիևն այսօր ասել է, որ Բաքուն ցանկանում է պարզել, թե որտեղից է Հայաստանը ստացել «Իսկանդեր Մ» տեսակի հրթիռներ:

Ալիևի պնդմամբ, այդ հրթիռներից մեկը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում արձակվել է Շուշիի ուղղությամբ:

«Որտեղի՞ց այդ հրթիռները, դրանք հայերի մոտ չպետք է լինեին, դա արդեն ինքնին հստակ ապացույց է, Հայաստանի ռազմական հանցագործության ապացույց, և մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես է այդ մահաբեր զենքը Հայաստանի ձեռքում հայտնվել: Մենք դեռևս չենք ստացել այդ հարցի պատասխանը, սակայն կստանանք»,- հայտարարել է Ալիևը` ելույթ ունենալով Բաքվում «Ռազմական ավարի ցուցահանդեսի» բացմանը:

Նա պնդել է նաև, թե «Իսկանդեր» տեսակի հրթիռը կիրառվել է «Շուշիի ազատագրումից հետո»:

«Մենք ունենք անհրաժեշտ չափով տեղեկատվություն, մենք պաշտոնական բացատրություն ենք սպասում»,- ասել է Ալիևը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ, ըստ ռուսական կողմի տրամադրության տակ եղած տեղեկատվության, «Իսկանդեր» տեսակի հրթիռներ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում չեն կիրառվել:

«Կրեմլը չունի տեղեկություններ առ այն, թե որտեղից են գտնվել այդ հրթիռի բեկորները, որոնք, իբրև թե, ադրբեջանական կողմն է հայտնաբերել»,- ապրիլի 2-ին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG