Մատչելիության հղումներ

Սպասվող հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Նիկոլ Փաշինյանը


Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյան («Իմ քայլը»)

Արտահերթ ընտրությունների գնալու նպատակով վարչապետ Փաշինյանի սպասվող հրաժարականը կլինի ապրիլի վերջին տասնօրյակում, ինչպես որ հայտարարվել էր։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին այս մասին տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը։

Իշխանությունները ընտրությունների կգնան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, թե դաշինքով, դեռ քննարկվում է, իսկ իշխանությունները մյուս բոլոր ուժերի նման պատրաստվում են հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին․ - «Դաշինք թե կուսակցություն ձևաչափով գնալու հարցը էլի հիմա քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա, ինչպես շատ-շատերի մոտ մեր ներքաղաքական դաշտում։ Պաշտոնակատարը լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

2018 թվականին փողոց դուրս եկած քաղաքացիների պահանջով հրաժարական ներկայացրած Սերժ Սարգսյանին փոխարինեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Իսկ նույն տարում վեց ամիս աշխատելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով հրաժարական ներկայացրած Փաշինյանը շարունակեց կատարել գործադիրի ղեկավարի լիազորությունները մինչև նոր ընտրությունները։

«Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն ասաց, որ Կառավարության կատարողականի քննարկմանը իրենց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը նախկիններին բաց է և դեռ ուժի մեջ է։ Արձագանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից դեռ չեն ստացել։

Մարուքյանը, հիշեցնեմ, հայտարարել էր, որ եթե նախկին իշխանությունների ներկայացուցիչները դուրս գան ընտրապայքարից, «Լուսավոր Հայաստանին» կհաջողվի ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել։

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

«Առաջարկությունը արվել է հրապարակային։ Առանձին բանակցություններ որևէ ուժի հետ այս փուլում չունենք։ Եթե որևէ բանակցություն որևէ մեկի հետ լինի, դա երբեք մենք կուլիսային չենք անում, դա բաց է լինում և թափանցիկ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել 20 թվականի «այո-ոչ»-ի քարոզարշավը, երբ մեր կոչին հետևեցին բոլոր քաղաքական ուժերը, և որևէ մեկը չձևավորեց «Ոչ»-ի ճամբարը։ Հետո դա իրավաբաններ արեցին՝ մասնագիտական մոտեցումներից ելնելով, և քարոզարշավը վերածվեց ֆարսի, որովհետև Փաշինյանը չուներ էն հակառակորդը, էն մրցակիցը, ում պիտի «թաղեր» իր սովորույթի համաձայն, վերացներ, կռվեր նրա հետ։ Եվ նա չէր կարողանում ուղղակի քարոզարշավ անել։ Էնտեղ, որտեղ պետք է խոսել գաղափարներից ու անելիքից, Փաշինյանը պարտված է։ Եվ մեր առաջարկը դրա մասին էր՝ թույլ տվեք մենք հաղթենք Փաշինյանին։ Որովհետև նախկինները իրենց ներկայությամբ միայն ուժեղացնում են Փաշինյանին», - ասաց Գևորգ Գորգիսյանը։

«Լուսավոր Հայաստանում» վստահ են, որ եթե նախկինները ընտրապայքարից դուրս գան, 2018-ին 70 տոկոս քվե ստացած գործող իշխանությունը ընդամենը 10 տոկոս կստանա։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանի» գործողություններին, ապա Գորգիսյանը խոստացավ․ - «Բայց մենք նաև, որպես «Լուսավոր Հայաստան», խոստանում ենք մեր ընտրողներին, որ ընտրություններից հետո ո՛չ թույլ ենք տալու, որ Փաշինյանը վերարտադրվի, ո՛չ էլ նպաստելու ենք նախկինների իշխանության վերադառնալուն»։

Մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» ճեպազրույցներին չէր ներկայացել։ Խմբակցությունը բոյկոտել էր նաև անցած շաբաթ անցկացված հերթական նիստերը, ներկա չէին Կառավարության կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթին ու դրան հաջորդած հարցուպատասխանին։ ԲՀԿ-ից չեն պարզաբանում, թե ինչու են բացակայում նիստերից։

Արտահերթ ընտրությունների մասին պայմանավորվածությունը Փաշինյանը ձեռք էր բերել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ։ Ընթացակարգով վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ պետք է վարչապետ չընտրի, որպեսզի իրավունքի ուժով գործող Ազգային ժողովը ցրվի, ու արտահերթ ընտրություններ անցկացվեն։

XS
SM
MD
LG