Մատչելիության հղումներ

Արցախում ծառայող ժամկետայինների հարազատները պահանջում են նրանց զորացրել. կայացավ հանդիպում վարչապետի հետ


Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ այսօր հերթական բողոքի ակցիան անցկացրին կառավարության դիմաց: Նրանք պահանջում են կրճատել պատերազմի մասնակից իրենց որդիների ծառայությունն ու տուն վերադարձնել:

«Մեր երեխեքն անցել են 44 օր պատերազմ, էն կարգի պատերազմ, որ 21-րդ դարում էտ կարգի պատերազմ չի եղել: 50 տարեկան մարդ եմ, ես դա չեմ էլ լսել ոչ մի տեղ: Դրա համար էլ քանի որ մեր երեխեքի մեջ շատ թունդ ձևի նստվածք կա, մենք պահանջում ենք, որ մեր երեխեքին գոնե ժամանակից շուտ որպես խրախուսանք կրճատում անեն, բերեն, մենք մեր երեխեքին մեր ձեռքով բուժզննում անենք», - ասում է ծնողներից մեկը:

«Տղաները ծանր հոգեբանական վիճակում են», - մյուսն է նկատում. «Եթե մի զինվորը 44 օր գիշերը մթնել է, լույսը բացվել է, ասել է` ախ, էսօր էլ լուսացավ, էտ երեխեն ի՞նչ հոգեբանական ճնշումների մեջ է, կպատկերացնե՞ք»:

Կանանցից մեկը դժգոհեց՝ տղաներին պատերազմից հետո բուժօգնություն չեն ցուցաբերել. «Պատերազմից հետո չեն եկել, մենք էլ ի վիճակի չենք, որ գնանք, երեխեքին տեսնենք կամ բերենք: Հոգեբանական վատ ա, հոգեբանականը պատերազմից հետո, ձեր կարծիքով, ո՞նց կլինի, պարզ է, որ վատ է վիճակները: Ամեն ինչից վեր են թռչում, վախենում են»:

Հավաքվածներից մի քանիսին ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հանդիպման ավարտին նշեց ծնողներից մեկը, իրենց առաջ քաշած խնդիրների շուրջ որևէ դրական պախասխան չունեն. «Մեր առաջ քաշած խնդիրների վերաբերյալ դրական ոչ մի պատասխան չունենք, բացառությամբ սոցփաթեթի վերաբերյալ, հանդիպումն աշխատանքային էր, և խոսք տվեց վարչապետը, որ 2-3 օրվա ընթացքում սոցփաթեթի վերաբերյալ պատասխանը կլինի, և մի բան էլ, որ մեր աշխատանքային հանդիպումները շարունակվելու են»:

«Վարչապետի կողմից մեր ֆորմատն ընդունելի էր, դրա համար ասացի, որ մեր աշխատանքային հանդիպումները շարունակվելու են», - հայտնեց ներկաներից մեկը:

XS
SM
MD
LG