Մատչելիության հղումներ

«Իշխանությունն ունի՞ պարտավորություն զինվորի նկատմամբ, զինվորին սիրելը միայն բաժակաճառով չէ, սթափվեք». զինծառայողների ծնողներ


44-օրյա պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր դարձյալ կառավարության մոտ էին։

Նրանք պահանջում են որպես խրախուսանք կրճատել իրենց որդիների ծառայությունն առնվազն վեց ամսով և տրամադրել սոցիալական արտնություններ։

Կես տարի է պաշտոնական դուռ չմնաց որ չթակենք, ասում է ծնողներից Գայանե Գեղամյանը․ - «Կես տարի է արդեն որևէ վերաբերմունք, որևէ ուշադրություն չենք տեսնում մենք»։

Հանդիպել են նախագահի, վարչապետի, Պաշտպանության նախարարի հետ, եղել են Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգույթան հարցերով հանձնաժողովում։ Եվ ոչ մի վերջնական պատասխան։

Վարչապետ Փաշինյանի խոսքերից այդպես էլ հստակ չեն հասկացել՝ Արցախում ծառայող ժամկետայինների ծառայության կրճատելու պահանջը լինո՞ղ բան է, թե՞ չէ։

Փաշինյանի հետ վերջին անգամ հանդիպել են երկուշաբթի օրը նախագահականում։ Հարյուրից ավելի ծնողներ են ներկա եղել։

«Միայն հավանական ա փաթեթի հետ կապված, որի հետ կապված էլ հստակ ոչինչ չարձանագրեցինք՝ ունենալով նախադեպը, քառօրյան ունի էդ արտոնությունների փաթեթը։ Բայց մենք էդ պահով էլ որևէ հստակ, դրական․․․ օդի մեջ կախված՝ պիտի լինի», - ասում է Գեղամյանը։

Նրա որդուն առաջնագիծ են տարել պատերազմի առաջին օրվանից։ Ընդամենը մեկ ու կես ամսվա ծառայող է եղել։ Անցել է թեժ կետերով, անգամ արձակուրդ չեն ուղարկել։ Պատերազմից հետո ինքն է Արցախ մեկնել որդուն տեսնելու համար․ - «Ախր էնքան խնդիրը մեծ ա, որ շատերը չեն պատկերացնում։ Մենք գենոֆոնդ ենք կորցնում, էս ողջերի գոնե փրկենք»

Պատերազմական դժոխքի միջով անցած զինծառայողների խնդիրների մասին բարձրաձայնում ու լուծումներ են առաջարկում ծնողները, զինվորները պատերազմից հետո չեն հետաքրքրում կառավարությանը, բողոքում է Գայանե Գեղամյանը․ - «Տղաները գերակատարել են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ, իսկ հայրենիքը՝ ի դեմս իշխանության, պիտի վերադարձնի։ Ունի՞ պարտավորություններ էդ զինվորների նկատմամբ։ Զինվորին հարգել, սիրել, մեծարել, գնահատել, էդ ամեն ինչը միայն բաժակաճառերով չի։ Ժողովուրդ, սթափվե՛ք»։

Անժելա Հարությունյանի միակ որդին է Արցախում ծառայում։ Ասում է՝ Ռուսաստանից եկել ու ոգեւորված Արցախ է մեկնել։ Այսօր ունի առողջական խնդիր, գիտեն, որ վիրահատության կարիք կա, բայց խնդիրը լուծելու փոխարեն նրան ուղարկել են դիրքեր․ - «Առողջական խնդիրներ ուներ, բայց ընդհանրապես տիրություն չեն անում։ Մի կերպ ուղարկել են հոսպիտալ, հոսպիտալում բժիշկը նայել, ուրիշ բան ա ասել, իսկ թղթի մեջ գրել ա, որ ամեն ինչ նորմալ ա, պիտանի է ծառայության, վիրահատության կարիք չունի և այլն։ Ու էդ ձևով տարել են պոստեր»։

Վարչապետի խոսքերից հասկացել է, որ ժամկետայինների ծառայության կրճատմանը կառավարությունը պատրաստ չէ, բանակը զինծառայողներով համալրելու կարիք կա․ - «Դեռ պարտարստ չեն։ Պետք է բանակը համալրել կամավորներով և այլն, և այլն։ Բայց երբ դա կլինի, Աստված գիտի»։

Նույն հանդիպմանը մասնակցած Լեւոն Մկրտչյանը Փաշինյանի բացատրություներից այլ տպավորություն է ստացել․ - «Կոնկրետ ո՛չ ոչ ա ասել, ո՛չ էլ այո։ Կոնկրետ պատասխան չի եղել, որ կկրճատեն կամ չեն կրճատի»։

Զինծառայողի հոր փոխանցմամբ, վարչապետը նկարագրել է զինված ուժերում իր պատկերացրած բարեփոխումների մասին, որոնք տարիների հարց են։ Եթե վեց ամսում իրենց պահանջների հետքերով գեթ մեկ քայլ չի արել, ի՞նչ ակնկալել իր նկարագրած խոստումներից․ - «Երկարատև տեմպի տպավորություն ա թողնում։ Շատ երկարատև ժամանակի տպավորություն ա թողնում, ինչը մեզ համար ընդունելի չի»։

Փաշինյանը Զինված ուժերով բարեփոխումների, ժամկետային զինծառայության կառուցվածքի փոփոխության ծրագրի մասին նախօրեին խոսել է նաև Ազգային ժողովում։ Ինքն էլ է խոստովանել, որ դրա իրագործումը երկարատեւ գործընթաց է․ - «Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային, կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը էականորեն պետք է մենք կարողանանք փոփոխել»։

Նիկոլ Փաշինյանը խոստացել է երկուշաբթի դարձյալ հանդիպել ժամկետային զինծառայողների ծնողների հետ։

XS
SM
MD
LG